Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է, թե Սնուփ Դոգի համերգը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Այսինքն, եթե համերգը չկայանա, Հայաստանի գործերը՝ хана:
Բան չասեցինք, բայց ո՞վ է մեր կառավարությանը համոզել, որ իսկապես հրաշալի այս ռեփերի համերգից է կախված մեր լինել-չլինելը: Ի՞նչ է նշանակում՝ կենսական: Այսինքն՝ էդ համերգն ամեն գնով պետք է կայանա՞: Այսինքն՝ մենք հենց հիմա, էս պահին մահվան ճամփի վրա՞ ենք, այսինքն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ինչ-որ գուշակի մո՞տ է գնացել ու պարզել, որ եթե Սնուփ Դոգը Հայաստանի համար չերգի, քիչ է ասել, թե վատ է լինելու:
Այսինքն, եթե Ադրբեջանի համար չի երգելու, նրանց օրերը հաշվա՞ծ են: Այսինքն՝ Սուրեն Պապիկյանին Արեւմո՞ւտքն է խորհուրդ տվել «Բայրաքթարների» բացակայությունը լրացնել Սնուփ Դոգի համերգով:
Լեմկինի ինստիտուտն օրերս հայտարարել է, թե մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանի բանակը հեսա-հեսա մտնելու է Հայաստան: Ու հենց, ամենայն լրջությամբ եմ ասում, սրանից հետո է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում, թե Սնուփ Դոգի համերգը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի:
Այստեղ մենք չենք հարցնի, թե ինչ է ծխում Արմենակ Խաչատրյանը, բայց ոնց որ թե նա իր կենսական հարցերը հենց ծխելով է լուծել, ոչ թե ռեփեր Դոգի համերգով: Էս հարցը պետք է լուծվի՝ ինչն է Հայաստանի համար ավելի կենսական՝ Արմենակ Խաչատրյանի ծխա՞ծը, որն, ի դեպ, ռեփեր Դոգը ծխում է ամեն օր, թե՞ հենց Սնուփի համերգը:
Բայց ես Արմենակ Խաչատրյանի հայտարարության մեջ հեռավոր ակնարկ եմ տեսնում առ Հիսուս Քրիստոսի մի արտահայտություն, ըստ որի՝ ոչ միայն հացիվ: Այսինքն՝ հացից բացի կենսական այլ բաներ էլ կան: Իհարկե կան: Իհարկե, ողջունելի է Սնուփ Դոգի նման մուլտիկուլտուրալ մարդուն Հայաստան բերելը, բայց ինչո՞ւ դա կերցնել պաթոսով:
Ի՞նչ է նշանակում կենսական: Արե՞ւն է խռովել Հայաստանից՝ նախապես հայտարարելով, որ առանց ռեփեր Դոգի համերգի Հայաստանի վրա այլեւս չի ծագելու, Արեւմո՞ւտքն է հրաժարվում մեր ժողովրդավարական բարեփոխումները ֆինանսավորելուց, մեր բանտերում բո՞ւնտ է հասունանում, որոնց կառավարությունը պատրաստ չէ:
Ի՞նչ է նշանակում կենսական:
Այդ համերգը Կաշպիրովսկու սեա՞նս է, ապացույցնե՞ր կան, որ որտեղ երգել է ռեփեր Դոգը, այնտեղ կտրուկ ընկել է քաղցկեղի տարածվածության ցուցանիշը: Էս հարցը պարզաբանման կարիք ունի, բայց կխնդրեի, որ ՀՀ քաղաքացուն խոտի տեղ չդնեք:
Հեչ էլ կենսական չէ նրա համերգը, եւ, ի դեպ, էթիկայի զգացում պետք է ունենալ նման բան հայտարարելիս, երբ դու քո ռեփերներն ունես, որոնք օր ու գիշեր առանց կառավարությունից փող պոկելու փորձում են կայացնել հայկական ռեփը:
Ինքը՝ Սնուփ Դոգն անգամ չի հայտարարում, որ իր համերգը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, ինքը հո լավ գիտի իր կատարումների արժեքն ու գինը, դուք ո՞նց եք հայտարարում:
Կենսական կարող էր լինել այն, որ ռեփեր Դոգից կարողանայիք հետ ստանալ այն 1,5 միլիոն դոլարը, որը նրան տվել եք նախապես ու դրանով այս հողի վրա մահվան շեմին կանգնած մի քանի հոգու կյանքի հարցը լուծեիք:
Այդքան հե՞շտ է ասելը, թե ինչ-որ մեկի համերգը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: