1997 թվականին այս օրը՝ նոյեմբերի 3-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց Աշոտ Նավասարդյանը։ Ժամանակակից սերունդներին նա ավելի շատ հայտնի է որպես Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ։
Շատերն այսօր տեղյակ չեն նրա խորհրդային տարիների գործունեությանը, որն անձնազոհ պայքար էր Հայաստանի անկախության համար։
«Ալիք Մեդիան» ներկայացնում է հատվածներ իրավապաշտպան, խորհրդային տարիների այլախոհ, քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքից, որն արժեքավոր տեղեկություններ ու փաստաթղթեր է ներկայացնում անկախության պայքարի եւ այդ պայքարին իրենց կյանքը նվիրած մարդկանց մասին։
«1974 թվականին ստացած իրենց պատժաչափերը մինչեւ վերջ չկրելով`Ազատ Արշակյանն ու Աշոտ Նավասարդյանը վաղաժամկետ ազատ էին արձակվել: Նավասարդյանն ազատ էր արձակվել 1976-ի դեկտեմբերին, Արշակյանը` 1977-ի ապրիլին:
1981-ի փետրվարին պետք է ավարտվեր այդ նույն 1974-ին Արշակյանի եւ Նավասարդյանի հետ դատապարտված, նրանց ընկեր ու համախոհ Պարույր Հայրիկյանի ազատազրկման ժամկետը, եւ սկսվեր աքսորի շրջանը: Սակայն, պատժաչափի ավարտից ամիսներ առաջ`1980-ին, նրան նոր`մտացածին, այս անգամ արդեն քրեական հոդվածով մեղադրանք են առաջադրում:
ՊԱԿ-ը վճռել էր, որ Պարույր Հայրիկյանն ազատ չի արձակվելու: Ազատ Արշակյանը եւ Աշոտ Նավասարդյանը որոշում են, որ չեն կարող մնալ ազատության մեջ, եթե իրենց ընկերոջը սպառնում են նոր դատապարտում ու նոր պատժաչափ, եւ դեռ անհայտ է, թե դրան ինչ է հաջորդելու:
Նրանք հրատարակում են ԱՄԿ պաշտոնաթերթ «Փարոս»-ի հերթական`4-րդ համարը, բայց ի տարբերություն նախորդ թերթերի ու թռուցիկների`այս համարի տակ ստորագրում են: Սա միակ դեպքն է, երբ ընդհատակյա գործունեություն ծավալած մարդիկ ստորագրում են իրենց պատրաստած թերթի կամ թռուցիկի տակ։
Այդ տարիներին նման կերպ վարվում էին միայն իրավապաշտպանները։ Նրանք ստորագրում էին իրենց կողմից հրապարակված յուրաքանչյուր հայտարարության կամ նամակի տակ։ Ստորագրված փաստաթղթի հրապարակումից հետո, որպես կանոն, նրանք անմիջապես կալանավորվում եւ հսկայական պատժաչափերի էին դատապարտվում։
Թերթի ողջ խմբաքանակը տարածելուց հետո՝ մեկ օրինակ ձեռքներին, Արշակյանը եւ Նավասարդյանը գնում են գլխավոր դատախազություն եւ հայտարարում, որ թերթը պատրաստել ու տարածել են իրենք»:
Հատված Աշոտ Նավասարդյանի եւ Ազատ Արշակյանի գործով կայացված դատավճռից
«Վերջապես ամբաստանյալ Ա. Նավասարդյանի հանցանքը հաստատված է հարցաքննված վկաների ցուցմունքներով: Նրանցից քաղ. Արուսյակ Սարգսյանը, Ժենյա Սիմոնյանը, Հռիփսիմե Կարապետյանը ամբաստանյալներին առերես պնդեցին, ու 1981թ. փետրվարի 24-ին «Փարոս-4» նրանց տարածած հակասովետական թռուցիկը հանել են իրենց բնակարանի փոստարկղից եւ հանձնել պետական մարմիններին, Ա. Նավասարդյանն ու Ա. Արշակյանը ընդունեցին, որ այդ թռուցիկները տարածել են իրենք:
Ա. Նավասարդյանի հանցանքը միաժամանակ հաստատված է նրա հարազատների եւ աշխատանքային կոլեկտիվի անդամների, մնացած 15 վկաների ցուցմունքներով, որոնց նա իր զայրույթն է հայտնել Պ. Հայրիկյանին ՌՍՖՍՀ-ում դատապարտելու փաստի առթիվ եւ ազատվել է աշխատանքից այդ առիթով հակասովետական գուծունեություն իրականացնելու նպատակով:
Ամբաստանյալ Ա. Արշակյանի մեղադրանքը նույնպես հաստատված է անձամբ իր խոստովանությամբ, ամբաստանյալ Ա. Նավասարդյանի ցուցմունքներով, հարցաքննված վկաների ցուցմունքներով եւ գործի մյուս ապացույցներով:
Ա. Արշակյանն իր հերթին ընդունեց եւ հանգամանորեն ցուցմունք տվեց հակասովետական վերը նշված փաստաթղթերը կազմելուն, պահելուն եւ տարածելուն իր ունեցած ակտիվ մասնակցությունը: Բանն այն է, որ չթաքցնելով իրենց հակասովետական, հակապետական գործունեությունը, այդ նպատակով մղված ագիտացիան եւ պրոպոգանդան, ինչպես Ա. Արշակյանը, այնպես էլ Ա. Նավասարդյանը այն փորձում են բացատրել սովետական միության սահմանադրությամբ, որ միութենական հանրապետություններին իրենց ընտրությամբ թույլ է տալիս դուրս գալ ՍՍՀՄ կազմից անջատ հանրապետություն կազմելու իրավունքով: Այո, ճիշտ է, սովետական միության սահմանադրությամբ այդ իրավունքը իրոք նախատեսված է, սակայն այն նախատեսված է ոչ թե Ա. Նավասարդյանի, Ա. Արշակյանի, նրանց մի խումբ համախոհների կամ արտասահմանյան բարեկամների համար, այլ միայն միութենական հանրապետության համար որպես այդպիսին, այսինքն որպես սովետական սոցիալիստական հանրապետություն, հաղթանակած բանվոր դասակարգի եւ աշխատավոր գյուղացիության ղեկավարությամբ»:
Դատավճիռը
Աշոտ Նավասարդյանը եւ Ազատ Արշակյանը դատարանի վճռով ճանաչվեցին «առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ»-ներ ու դատապարտվեցին ազատազրկման «8 (ութ) տարի ժամանակով եւ աքսորով 3 (երեք) տարի ժամանակով»։
Սահմանված պատժի առաջին երեք տարին նրանք կրելու էին «բանտային ռեժիմով, իսկ մնացած մասը՝ հատուկ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում»:
Կալանքի սկիզբը հաշվվում էր 1981 թվականի փետրվարի 25-ից: