«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան պատերազմի սկզբից ի վեր իր առաջին ելույթում Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանում ահաբեկչական կազմակերպությանը կանխարգելիչ հարված չհասցնել: Ըստ նրա՝ Եմենի ճնշված ժողովուրդն իր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն արձակել է իսրայելական ռազմաբազաների ուղղությամբ, եւ նա կշարունակի դա անել: Իր հերթին նա խոստացել է, որ «Հըզբոլլահ»-ը կբազմապատկի Իսրայելի վրա հարձակումները:
Լիբանանյան արմատական խմբավորման ղեկավարը գովաբանել է ՀԱՄԱՍ-ին եւ Գազայի պատերազմի համար մեղադրել ԱՄՆ-ին՝ Իսրայելին անվանելով «մահապատժի սովորական գործիք»: Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պաշտպանության բանակի պատերազմը նա անվանել է Իսրայելի ամենամեծ սխալներից մեկը, որը հետապնդում է «անհասանելի նպատակներ»։
«Մի ամբողջ ամիս Իսրայելն այդպես էլ չկարողացավ պարծենալ ոչ մի ռազմական հաջողությամբ: Այս փառահեղ զանգվածային գործողությունը երկրաշարժ է առաջացրել անվտանգության, ռազմական գործերի, քաղաքականության, դիվանագիտության եւ նույնիսկ հոգեբանական առումով»,- ասել է Հասան Նասրալլան: Նրա համոզմամբ՝ Իսրայելի գործողությունը ռազմավարական խոր հետեւանքներ է ունենալու:
«Հեզբոլլահը» սկսել է մարտերը հոկտեմբերի 8-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակումից մեկ օր անց: Նասրալլան Լիբանանի սահմանի երկայնքով իսրայելական ուժերի հետ ամենօրյա փոխհրաձգություններն անվանել է «աննախադեպ 1948 թվականից ի վեր»: Նա նաեւ չի բացառել Մերձավոր Արեւելքում ավելի լայն հակամարտությունների հավանականությունը։
«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարն ասել է, որ Գազայում ապրելու պայմանները աներեւակայելի դժվար են եղել վերջին տարիներին, «հատկապես այս ծայրահեղական, հիմար եւ վայրենի կառավարության օրոք»: