«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն ընդլայնում է «Առողջ ուղեղի հայկական ծրագիրը»։ Երկրորդ փուլում կայցելեն Ալցհայմերի հիվանդություն եւ դեմենցիայի այլ տեսակներ ունեցող անձանց:
Կազմակերպությունը 2022-2023 թվականներին դեմենցիայի վաղ հայտնաբերման նպատակով հիշողության սքրինինգ (քննազննում) էր անցկացրել ամբողջ երկրում 40 եւ բարձր տարիքի ավելի քան 4000 անձանց շրջանում: Ծրագիրն իրականացրել էին «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» շրջանակում «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի հետ «Դավոսի Ալցհայմերի համագործակցության» (DAC) ֆինանսավորմամբ:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ծրագրին մասնակցածների մոտ 34,75 տոկոսն ունի ճանաչողական ֆունկցիայի որեւէ աստիճանի խանգարում:
Ծրագրի երկրորդ փուլը ֆինանսավորում են «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամը, Դավոսի Ալցհայմերի գործընկերությունը եւ մասնավոր դոնորները։ Հովանավորների շնորհիվ քաղաքացիների համար այս ծառայությունն անվճար է։
«Առողջ ուղեղի հայկական ծրագրի» մասնագիտական թիմում ընդգրկված է 11 մասնագետ, այդ թվում՝ ծերաբույժ, բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող, կինեզոթերապիստ։ Բժշկական մասի տնօրենը առողջապահության նախարարության հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գեւորգ Փաշիկյանն է:
Թիմը ղեկավարող կլինիկական բժիշկ Սոնա Մխիթարյանն ասում է՝ մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Մոտ 40 տուն են այցելել մայրաքաղաքում։
«Կա մի ընտանիք, որտեղ դեմենցիայով հիվանդին խնամում է օնկոլոգիական հիվանդություն ունեցող դուստրը, եւ նրանք հոգեբանի կարիք ունեն: Ոմանց բժշկի օգնություն է պետք, ոմանք ասում են՝ օգնե՛ք՝ թոշակ ստանալու համար փաստաթղթեր հավաքենք, դիմենք նախարարություն․ նման դեպքերում էլ մեր սոցիալական աշխատողն է այցելում։ Յուրաքանչյուր բուժառուի անհատական մոտեցում ենք ցուցաբերում»,- պատմում է Սոնա Մխիթարյանը։
Բժշկուհին հույս ունի, որ առաջիկայում տարեցների համար կստեղծվի պալիատիվ խնամքի ծառայություն։ Նոյեմբերին «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» մասնագիտական թիմը այցեր կկատարի Էջմիածնում, առաջիկա ամիսներին՝ նաեւ այլ մարզերում։
Սոնա Մխիթարյանը վստահ է՝ ծրագիրը մեծապես կբարելավի ծերունական թուլամտություն ունեցող անձանց եւ նրանց խնամողների կյանքի որակը:
«Որոշ հիվանդներ բժիշկներին ասում են՝ մի՛ եկեք մեր տուն, պոլիկլինիկայում կիմանան, հարեւանները կտեսնեն։ Ոմանք էլ շատ ուրախ են, որ այցելում ենք իրենց։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը մեզ սիրով է ընդունում, մեր աջակցության կարիքն ունի»,- ասում է Սոնա Մխիթարյանը։ Սակայն մինչեւ այցելելը բժիշկները նախ ստանում են քաղաքացիների համաձայնությունը։
Նրանք, ովքեր սքրինինգային ծրագրին չեն մասնակցել, բայց ունեն ճանաչողական ֆունկցիայի խանգարում եւ աջակցության կարիք, կարող են դիմել «Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագրին․ մասնագետները պատրաստ են այցելելու եւ աջակցելու։
«Ալցհայմերի խնամք Հայաստանը» հիմնադրել է ծերաբույժ Ջեյն Մահաքյանը 2017 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկության մակարդակը եւ զարգացնելու կայուն ծրագրեր եւ ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների համար։ Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը գործում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։