Ձմռան համար մեծ դժվարությամբ գնած, կոտրած ու կոկիկ դասավորած փայտն այդպես էլ մնաց Քրիստինե Հակոբյանի տան խորդանոցում։ Արցախցի կինը խնայած վերջին գումարով էր փայտը ձեռք բերել, որ հոսանքի ու գազի հաճախակի բացակայության ու շրջափակման պայմաններում ձմեռն անցկացնեն։
Ամուսինը 44-օրյա պատերազմում վիրավորվել էր, ապա՝ առողջության խնդիրների պատճառով մահացել։ Քրիստինեի հայրն էր օգնել փայտը կոտրելու, բայց ձեռքը վնասել էր։ Հիմա ափսոսում է՝ փայտն օգտագործել չկարողացան, հայրն էլ այդ տարիքում դժվար բուժվող վնասվածք ստացավ։ Արցախից բռնի տեղահանվելուց օրեր անց հորը վիրահատել են Երեւանում։
Քրիստինեն իրենց ընտանիքի անցկացրած վերջին տարիների մասին լուսավոր քիչ հիշողություններ ունի։ Որդին էլ է 44-օրյա պատերազմում վիրավորվել։ Ամիսներ առաջ ամուսնացել էր, ընտանիքի համար շրջափակման պայմաններում այդ առիթը նոր հույս էր։ Դուստրն էլ ընդունվել էր Մանկավարժական համալսարան, ընդամենը 19 օր էր հաճախել։
Քրիստինեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հիշում է Արցախի շրջափակման օրերը։ Հիմա զարմանում է՝ այդ ժամանակ ինչպե՞ս պատկերացներ, որ երանի էին տալու անվերջանալի թվացող հերթերին ու քաղցած, անլույս գիշերներին։
«Ամբողջ ընտանիքով ժամերով հերթ էինք կանգնում՝ հազարավորների հետ։ Շատ հաճախ այդպես էլ մեզ հերթ չէր հասնում եւ այլ փուռ էինք գնում, որ մի կես կտոր սեւ հաց բերենք տուն։ Դժվար էր, բայց ամեն ինչին դիմացանք։ Հիմա երանի ենք տալիս այդ օրերին, որովհետեւ մեր տանն էինք»։
Ամենաբարդը սեպտեմբերի 19-ն է եղել։ Քրիստինեն աշխատավայրում է եղել, որդին՝ ծառայության մեջ, աղջիկը՝ համալսարանում, սկեսուրն ու հարսը՝ տներում։ «Աղջիկս զանգեց, ասաց՝ կարծես վիճակը լավ չէ, մեզ տուն են ուղարկում։ Տղաս, որ ծառայության մեջ էր, չուզեց վախեցնել, ասաց՝ կարգին է ամեն ինչ, բայց կես ժամ հետո սկսվեցին պայթյունները։ Չգիտեի ում մասին մտածել, ամեն մեկս մի տեղում էինք, կապի միջոցներ էլ չկային»։
Քրիստինեենց ընտանիքի երկու տները, որոնցից միայն բանալիներն են մնացել, Ստեփանակերտում են եղել։ Մեկը քաղաքի բարձունքում էր՝ դիրքերի հարեւանությամբ։
«Ամեն օր մեր պատշգամբից լսում էի կրակոցները։ Ադրբեջանական դիրքերը շատ մոտ էին, ու այդ ձայները սովորական էին դարձել։ Բայց պատերազմի օրն ամեն ինչ ուրիշ էր։ Ամեն մեկս մի նկուղում էինք, իրարից լուր չունեինք։ Հաջորդ օրը հարեւաններից մեկը աչքալուսանք տվեց, թե տղադ ողջ է, չվախենաս, գալիս է։ Միայն այդ ժամանակ եմ մի քիչ հանգստացել»։
Քրիստինեն այդպես էլ իր տուն վերադառնալ, հրաժեշտ տալ չի կարողացել։ Ասել են՝ ադրբեջանցիներն արդեն հասել են այդտեղ, վտանգավոր է։ Տնից ոչինչ չի վերցրել, Արցախից դատարկաձեռն են տեղահանվել։ «Բա 100 տարվա տունը դնես, սարքես, ապրես ու առանց ոչ մի բանի դո՞ւրս գաս։ Չհասցրինք նույնիսկ հագուստ վերցնել, մի վերջին անգամ նայել տանը»,- հիշում է Քրիստինեն։
Ընտանիքը Հայաստանում բարեկամի տանն է հաստատվել, հետո բնակարան են վարձել։ Քրիստինեն, որ Արցախում հայտնի էր իր հալվաներով, բոլոր դժվարությունները մի կողմ դրած, միանգամից գործի է անցել, բարեկամի բազմամարդ տան մի անկյունում պատվերներ ընդունել։
«Հալվաների, հրուշակեղենի պատրաստումը Արցախում էլ եկամտի միջոց էր՝ հիմնական աշխատանքից բացի, բայց այդքան էլ լուրջ չէի վերաբերվում։ Հիմա հույս ունեմ՝ կկարողանամ այստեղ ավելի ակտիվորեն զբաղվել, որ այս շրջանը հաղթահարենք»։
Ասում է՝ պատրաստ են աշխատելու, ստեղծելու, բայց դժվար են հարմարվում սոցիալական պայմաններին, իսկ բնակարանի համար վճարելը ամենադժվարն է։ «Արցախում ստիպված էինք ծախսել բոլոր խնայողությունները․ ամեն ինչ թանկացել էր, մի շիշ ձեթը 15-20 հազար դրամով էին վաճառում, մեկ պարկ ալյուրը՝ 100 հազար դրամով, այն էլ տարբեր ծանոթների միջոցով մի կերպ էինք գտնում»։
Քրիստինեն հույս ունի՝ կկարողանան այս փուլն էլ հաղթահարել, իսկ իր հրուշակեղենի փոքրիկ բիզնեսը Հայաստանում կհաջողի՝ արցախյան հալվան նաեւ այստեղ սիրելի դարձնելով։
Պատվերներ անելու համար Քրիստինեին կարող եք զանգահարել 033-588689 հեռախոսահամարով։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: