Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նոյեմբերի 3-ին այցով Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն անդրադարձել է հրադադարի հաստատման հարցին: Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը միայն այն պայմանով, որ Պաղեստինի ահաբեկչական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պահվող բոլոր պատանդներն ազատ արձակվեն։ «Իսրայելը մերժում է ցանկացած զինադադար, որը չի ներառում մեր պատանդների ազատ արձակումը»,- շեշտել է Նեթանյահուն:
Իսրայելի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից գերության մեջ է շուրջ 249 մարդ։
Բլինքենը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները ամուր կանգնած է իր դաշնակից Իսրայելի կողքին, սակայն ընդգծել է, որ ավելին պետք է արվի պաղեստինցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Իսրայելը գործում է արդար եւ օրինական, քանի որ դրանից հրաժարվելը միայն ՀԱՄԱՍ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների օգտին է: