Հարցազրույցներից մեկում (եթե հիշողությունս չի դավաճանում՝ «Դրօշակի» համար Աղվան Վարդանյանին տված) Հրանտ Մաթեւոսյանը Ռուսաստանի մասին ասում է, որ, ճիշտ է, իմպերիա էր, գնացողն ուծացել է, բայց գոնե այնտեղ մեզ չեն սպանել: Ի տարբերություն Թուրքիայի:
Օսմանյան կայսրության պատմությունը հայերի զանգվածային կոտորածների, բռնատեղահանության փաստ մինչեւ 1860-ականները չունի, արձանագրված չէ: 1877-1978 թվականների ռուս-թուրքական պատերազմի նախորդած շրջանում Րաֆֆին նույնիսկ փաստում էր, որ Պարսկաստանում հայերն ավելի հալածված, իրավազուրկ եւ բռնաճնշված են, քան Թուրքիայում:
Իմպերիան ապստամբություններ, հավատի, ինքնության, սեփական հողի համար զինված պայքար չի հանդուրժում՝ լինի Ռուսաստան, Թուրքիա թե Մեծ Բրիտանիա: Եվ եթե Ռուսաստանում մեզ չեն սպանել, ապա ոչ թե հայերի հանդեպ եղբայրական սիրուց կամ մեր գեղեցիկ աչքերի համար, այլ պարզապես առիթ չեն ունեցել:
Ապստամբեինք՝ կկոտորեին: Ինչպես 1905-1907 թվականներին կազմակերպեցին հայ-թաթարական պատերազմ կամ 1988-ին՝ Սումգայիթ, որ «հայելային արձագանքով» Հայաստանում պետք է կրկնվեր ադրբեջանցիների նկատմամբ, բայց մայիսին Շարժման ղեկը ստանձնած նոր «Ղարաբաղ» կոմիտեն կարողացավ սադրանքը կանխել:
Ի՞նչ իմաստ կամ նշանակություն ունեն այս շատ թռուցիկ դիտարկումները:
Երեկ Ռուսաստանի նախագահ Պուտինը, Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Ալեքսանդր Նեւսկուն գնահատելով, նրա մեծագույն առաքելությունը համարել է Ոսկե հորդայի խաների հետ դիվանագիտական համաձայնությունը եւ հիմնավորել, որ Հորդան, այո՛, դաժան էր, լկտի, բայց ռուսաց լեզվի, մշակույթի, ինքնության թշնամին չէր՝ ի տարբերություն արեւմտյան նվաճողների:
Պուտինը պատմաբան, մշակութաբան չէ, ոչ էլ հրապարակախոս-բելետրիստ, որ իրեն թույլ տա մտավարժանքներ անել: Նա միջուկային տերության առաջնորդ է, որ պատերազմում է հավաքական Արեւմուտքի դեմ եւ հայտարարության պահն էլ պատահական չի ընտրել. նույն ժամերին Ղազախստանի մայրաքաղաքում գումարվել էր Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը: Իսկ այդ պետությունների ազգային-քաղաքակրթական ինքնությունը հորդայական է, չինգիզխանական:
Մեր ընկալմամբ դա վայրենի, վաչկատուն, չքաղաքակրթված, արյունարբու ցեղախմբերի ժառանգություն է, բայց «թուրքական աշխարհը» կա, մոտ 150 միլիոն բնակչություն եւ տնտեսական, ռազմական, քաղաքական գերկարեւորություն ունի:
Ամենեւին էլ արտառոց չէ, որ «թուրքական աշխարհի» համաժողովի նախօրեին Ղազախստան եւ Ուզբեկստան է այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: (Եկեք ընդունենք, որ Ֆրանսիան, այնուամենայնիվ, ավելի քաղաքակիրթ է, քան Հայաստանը): Ահա այս համադրությամբ՝ Ոսկե հորդայի հասցեին Պուտինի հաճոյախոսությունը «թուրքական աշխարհին» քաղաքական ազդակ է:
Քանի՞ տարվա պատմություն ունի Սամարղանդում հայկական ներկայությունը: Մենք փորձե՞լ ենք Ուզբեկստանի հետ գոնե ինչ-որ քննարկումներ անել: (Ավելի քան 30 միլիոն բնակչություն եւ տնտեսական հսկայական ներուժ ունեցող այդ երկրում Հայաստանը դեսպան ունի՞):
Ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանում Երեւան-Աշխաբադ համագործակցությունը հիշող կա՞: Ո՞ւր եւ ինչո՞ւ անտեսված մնաց արտաքին քաղաքական այդ ռեսուրսը: Մենք Պոլսի, Երուսաղեմի պատրիարքարանների հնարավորություններն օգտագործո՞ւմ ենք:
Ի վերջո, կարո՞ղ ենք ասել, որ մոնղոլ-թաթարներն, այո՛, նվաճողներ էին, դաժան, լկտի, վայրենի, բայց… Բայց հենց այդ ժամանակներում է կառուցվել Գանձասարի վանքը:
Ո՞վ եւ ինչո՞ւ է հորինել-հերյուրել նարատիվը, թե Արցախը երբեք օտար ոտք եւ նվաճողի լուծ չի տեսել: Պատմության հանդեպ պետք է անկեղծ լինել, հարկ եղած դեպքում՝ Պուտինի նման ցինիկ: Մե՞նք պիտի գեղարվեստականացված պատմությանը ծառայենք, թե՞ իրական պատմությունը՝ մեզ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։