ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ:
ՆԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները նոյեմբերի 6-ից կարող են ներկայացնել Երեւանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում:
Ինչ վերաբերում է մարզերում տեղավորված մեր հայրենակիցներին, նրանց դիմումները կընդունվեն Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:
Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետեւյալն է.
– դիմում-հարցաթերթ,
– ծննդյան վկայական (թե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),
– ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).
– ամուսնության վկայականը եւ դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաեւ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
– պետական տուրքի վճարման անդորրագիր:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների կողմից ներկայացվող դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:
ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ: