Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։
Բաքվում կայացել է Բերբոքի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ինչպես տեղեկացնում է վերջինիս պաշտոնական կայքը, «հանդիպմանը մտքերի փոխանակության թեմաներից էր, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը»։
Գերմանիայի ԱԳ նախարարը, համաձայն ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի ղեկավարին տեղեկացրել է, որ իր երկիրը կարեւորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով շփումները, հատկապես Բրյուսելյան ձեւաչափով բանակցությունները։
Իլհամ Ալիեւն իր հերթին ներկայացրել է սույն թվականի սեպտեմբերին Արցախում «տեղային բնույթի հակաահաբեկչական գործողության» հիմնավորումները, մասնավորապես խոսել Հայաստանի կողմից «վերջին 3 տարիներին Ադրբեջանի տարածք ապօրինի սպառազինության եւ զինանձնակազմի տեղափոխման» մասին, ինչն, ըստ իրեն, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում» է եւ հիմքեր է ստեղծում «Ադրբեջանի ամբողջ տարածքում սուվերենության վերականգնման համար քայլերի ձեռնարկմանը»։
Ավելի ուշ Բերբոքն անցկացրել է հանդիպում Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպման ավարտին հրավիրված համատեղ մամլո ասուլիսում Բայրամովը նշել է, որ գերմանացի գործընկերոջն է ներկայացրել «սեպտեմբերի 19-ի տեղային հակաահաբեկչական օպերացիայի անցկացումը պայմանավորող գործոնները»՝ հիմնականում վերարտադրելով Իլհամ Ալիեւի բերած «փաստարկները»։ Բայրամովը հավելել է, որ «Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնումից հետո միջազգային հանրությունը Ադրբեջանի համապատասխան կառույցներից ստացել է գործընթացին առնչվող ամբողջական տեղեկությունը։
Աննալենա Բերբոքն իր խոսքում նշել է Ադրբեջանի հետ գործարար կապերի շարունակական ընլայնման կարեւորությունը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է խաղաղ եւ բարիդրացիական փոխհարաբերությունների կարեւորությունը։ Խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ Բերբոքը նշել է․ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։
Հետաքրքիր միջադեպ է եղել ասուլիսին․ Բերբոքն օգտագործել է Շուշի եւ Ստեփանակերտ անունները, ինչին Բայրամովը արձագանքել է հանդիմանությամբ. «Գերմանիայի արտաքին գործերի նախարարի օգտագործած անունները գրանցված չեն։ Կցանկանայի, որ նախարարը հարգեր Արդբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Ըստ երեւույթին, Ալիեւի աշխատակազմի կողմից վերահսկվող ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ պահվածքը պայմանավորված է Բերբոքի այսօրինակ «հայամետությամբ»։ Այսպես՝ ԶԼՄ-ները Բերբոքին նաեւ մեղադրել են ստախոսության համար՝ հայտնելով, որ ի պատասխան ադրբեջանական RealTV լրատվամիջոցի հարցման, թե Բերբոքը կատարել է իր խոստումը եւ հանդիպել, արդյոք, փախստականների հետ, նա «մանրամասն անդրադարձել է Հայաստանում գտնվող ղարաբաղցի հայերի հետ իր հանդիպմանը: Եվ միայն այն բանից հետո, երբ Ջեյհուն Բայրամովը տիկին նախարարին հիշեցրել է հարցի էության մասին, Բերբոքը հայտարարել է, թե Բաքվում հանդիպել է նաեւ «Հայաստանից տեղափոխված» անձանց հետ։ Սակայն, մեր հավաստի տեղեկությամբ, Բերբոքը հանդիպում է ունեցել ադրբեջանական քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ ․․․ Բաքվի մի ռեստորանում, թեեւ նրան ադրբեջանական իշխանությունները պատշաճ կերպով առաջարկել էին կազմակերպել հանդիպում փախստականների եւ բռնատեղահանվածների հետ, բայց նախարարը հրաժարվել էր»։
Պատրաստեց Տիգրան Աթանեսյանը