Ըստ թուրքական Hurriyet պարբերականի՝ Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որը 2010-ից ղեկավարում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցությունը, հեռացել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Անկարայում կուսակցության համագումարում անցկացված ընտրություններում նա պարտվել է Օզգյուր Օզելին։ Առաջին փուլում Օզելը ստացել է պատվիրակների 682, իսկ Քըլըչդարօղլուն՝ 664 ձայն։ Երկրորդ փուլի արդյունքներով Օզելը ստացել է 812, իսկ Քըլըչդարօղլուն՝ 536 ձայն։
Քըլըչդարօղլուն գարնանը մասնակցել էր Թուրքիայի նախագահական ընտրություններին։ Առաջին փուլն անցկացվել էր մայիսի 14-ին, որի արդյունքում Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Քըլըչդարօղլուն անցել էին երկրորդ փուլ։ Մայիսի 28-ին տեղի ունեցած երկրորդ փուլում Էրդողանը հավաքել էր 52,18 %, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47,82 % ձայն։