ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ընտրություններում հաղթելու համար ժողովրդականությամբ զիջում է Դոնալդ Թրամփին ԱՄՆ վեց կարեւոր նահանգներից հինգում։ Նոյեմբերի 5-ին դրա մասին հայտնել է The New York Times-ը։
Սիենայի քոլեջի հետ համատեղ New York Times պարբերականի անցկացրած հեռախոսային հարցման արդյունքներով՝ Բայդենը Թրամփին 4-10%-ով զիջում է Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նեւադայում եւ Փենսիլվանիայում: Միեւնույն ժամանակ, Վիսկոնսինում Բայդենն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Թրամփը։
Պարբերականը հայտնում է, որ Թրամփն այս պահին նշված նահանգներում կարող է ստանալ 67 ընտրական ձայն, մինչդեռ Բայդենն այս նահանգներում կարող է հույս դնել միայն 10 ընտրական ձայնի վրա։ Հրապարակման հեղինակների կարծիքով՝ այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ ամերիկացիների 67%-ը կարծում է՝ ԱՄՆ-ը սխալ ուղղությամբ է շարժվում։
ԱՄՆ նախագահի իրենց նախընտրած թեկնածուի մասին հարցին ի պատասխան՝ հարցվածների 44%-ը նշել է Դոնալդ Թրամփի անունը, իսկ 39%-ն արտահայտվել է Ջո Բայդենի օգտին։ Ընդ որում՝ հարցվածների 48%-ը հայտարարել է, որ պատրաստ է քվեարկելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի, բայց ոչ Ջո Բայդենի օգտին։ Նրա աշխատանքին հավանություն չի տալիս հարցվածների 59%-ը։
Հաղորդվում է նաեւ, որ հարցվածների 59%-ը մտահոգված է 2024-ի ընտրություններից հետո տնտեսական խնդիրների լուծման մոտեցմամբ, իսկ հարցվածների 29%-ը՝ սոցիալական խնդիրներով։ Ներկայում հարցվածների 81%-ը բացասական է գնահատում ամերիկյան տնտեսության վիճակը։
Հեռախոսային հարցման ընթացքում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը հարցվել է 3662 ամերիկացի ընտրող Արիզոնայից, Վիսկոնսինից, Ջորջիայից, Միչիգանից, Նեւադայից եւ Փենսիլվանիայից: