Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով կտրուկ դժգոհություն է հայտնել Բաքվում Դունյա Միյատովիչի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հետ հանդիպման կապակցությամբ: Դրա մասին հայկական մի շարք լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը: Նա հավելել է, որ վերոնշյալ աղմկահարույց այցից հետո հանձնակատարի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ «կազմակերպությունը» չի նշվում տեղի ունեցած հանդիպումների շարքում։
Ըստ Բադալյանի՝ փոխարենը հանձնակատարն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասանելի միակ տարբերակը տներից հեռանալն էր։ Դունյա Միյատովիչի զեկույցում նշվել է, որ զանգվածային տեղահանությանը նախորդել են ադրբեջանական ռազմական գործողությունները սեպտեմբերի 19-ին եւ 20-ին, մարդկանց տեղաշարժի երկարատեւ արգելքները, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հիմնական ապրանքների, ծառայությունների եւ էներգիայի հասանելիության խափանումները։
Դեռ հոկտեմբերի 26-ին դրա մասին ահազանգել էր ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը: Նա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Բաքվում «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ ԱԳՆ-ին կոչ է արել նոտա ուղղել ու կանխել նման դեպքերը։