Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում գյումրեցի արվեստագետներ Հարություն Ջիվանյանի եւ Լեւոն Մինասյանի աշխատանքների առաջին ցուցահանդեսն էր:
«Երկխոսություն» խորագրով ցուցադրության ընթացքում սրահի զուգահեռ պատերին երկխոսում էին արվեստագետների երկար տարիների՝ հանրությանն անհայտ ստեղծագործությունները:
Որ մասնագիտությամբ ֆիզիկոս Հարություն Ջիվանյանի մտքում ոչ միայն թվեր ու հստակ հաշվարկներ են, միայն մտերիմ ընկերները գիտեին: 30 տարվա մանկավարժը տարիներ շարունակ ազատ ժամանակը տվել է սրտում կուտակված գույներն ու լույսը թղթին հանձնելու գործին: Ցուցահանդես ունենալու մասին երբեւէ չի մտածել: «Պարզապես նկարել եմ. ինչը բառերով չեմ կարողացել արտահայտել, արվեստի լեզվով եմ ներկայացրել»,- ասում է ֆիզիկոս նկարիչը:
Ընկերների եւ ծանոթների ոչ միայն հորդորով, այլեւ պահանջով ընդունել են ցուցահանդես ունենալու առաջարկը: «Գեղեցիկ բառերով կարելի է պատմել ամեն մի նկարի մասին, բայց յուրաքանչյուր ստեղծագործություն ինքն է իր մասին խոսում: Այս օրս հաջողված կհամարեմ, եթե թեկուզ մեկ հանդիսատես գեղագիտական ապրում ունենա. ուրեմն ստեղծագործական ճանապարհս իզուր չեմ անցել»:
Դիմացի պատին ճարտարապետ Լեւոն Մինասյանի բնանկարներն են տաք գույներով ջերմացնում հանդիսատեսին: Ճարտարապետ նկարիչը պատմում է, որ 1980-ականների սկզբից է նկարել, հավաքել աշխատանքները: Ընկերոջ՝ Հարություն Ջիվանյանի պես ինքն էլ ցուցահանդես ունենալու նպատակ չի ունեցել: Ընկերների «ճնշումներին չդիմանալով»՝ 40 տարվա բազմաթիվ ստեղծագործություններից շուրջ երկու տասնյակն առանձնացրել, ցուցասրահ է բերել: Տեսնելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունը՝ Մինասյանը որոշում է կայացրել, որ ավելի եռանդով է ստեղծագործելու, երկրորդ ցուցադրությունն էլ չի ուշանալու:
«Երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի նախաձեռնող Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է՝ հեղինակները չափազանց համեստ մարդիկ են, չէին էլ փորձի ինքնակամ ցուցադրվել: Այսպիսի մարդկանց գնահատելը եւ ավելի եռանդով ստեղծագործելուն մղելը նա կարեւոր գործ է համարում: «Չի բացառվում, որ ժամանակակից արվեստի չափորոշիչների մեջ այս գործերը չտեղավորվեն, բայց դա կարեւոր չէ, կարեւորը, որ մեր օրերում այնքան անհրաժեշտ ջերմություն, սեր ու արեւ կա: Դրանք թողնել արվեստանոցում փակի տակ, մեղմ ասած, անարդար էր»:
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։