Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կենտրոնակայանի տարածքը, որտեղ դիտակետեր, ուսումնական համալիրներ եւ թունելներ կային։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ավիհայ Էդրին X-ի (նախկին Թվիթեր) իր գրառման մեջ դիմել է Գազայի բնակիչներին. «Եթե մտածում եք ձեր եւ ձեր մերձավորների մասին, ապա գնացե՛ք հարավային շրջան՝ Իսրայելի բանակի հրահանգի համաձայն»։ Էդրին նաեւ նշել է, որ «ՀԱՄԱՍ-ը վնասում է շարունակվող հումանիտար ջանքերին» եւ «օգտագործում է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան»։
ԿՀՎ տնօրենի բացահայտ այցն Իսրայել
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Իսրայելում է: Ակնկալվում է, որ ԿՀՎ տնօրենը կայցելի տարածաշրջանի մի քանի երկրներ՝ ներառյալ Հորդանան՝ հանդիպելու հետախուզության գործընկերների եւ այլ ղեկավարների հետ՝ քննարկելու Գազայի հակամարտության, պատանդների վերաբերյալ բանակցությունների, ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության վերաբերյալ հարցեր:
ԱԹՍ-ի հարվածից զոհվել են լրագրողի կինը եւ երեք երեխաները
Իսրայելական բանակը անօդաչու թռչող սարքի միջոցով հարված է հասցրել ռուս-լիբանանցի լրագրող Սամիր Այուբի ավտոմեքենային, որի հետեւանքով զոհվել են նրա կինը եւ երեք երեխաները: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Այուբը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում եւ բազմիցս հանդես է եկել մասնավորապես ի պաշտպանություն Ուկրաինայում Ռուսաստանի, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» եւ ընդհանրապես Ռուսաստանի:
«Հըզբոլլահը» ցուցադրում է իր ռազմական հզորությունը
«Հըզբոլլահն» իր հերթին հրապարակել է «Ապագան մոտ է» վերնագրով տեսանյութ, որտեղ ցուցադրվում է կազմակերպության ռազմական հզորությունը: