«Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ «Խանքենդիի» (այս եւ ստորեւ ադրբեջանակացված տեղանունների չակերտավորումը մերն է – խմբ․) հայ բնակչության վերադարձի համար, բայց ինքը պատրա՞ստ է արեւմտյան ադրբեջանցիներին կոչ անելու վերադառնալ Երեւան կամ «Գյոյչա»»։ Դրա մասին ասել է Ադրբեջանում գործող «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Զահիդ Օրուջն իր հեղինակած «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան. ժառանգությունը պատմական հողերում» գրքի շնորհանդեսի ընթացքում։
«Վերջին երկու հարյուր տարվա ընթացքում մեր ազգային հարստությունը թալանվել է առնվազն 7 անգամ։ Սակայն այն տարածաշրջանում, որտեղ մենք այժմ ապրում ենք, վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանցիները դարձել են տնտեսապես ավելի հարուստ եւ հեղինակավոր, քան հայերը»,- նշել է նա:
Օրուջը նաեւ շեշտել է, որ ի տարբերություն դեպի հաղթանակ տանող 27-ամյա երկար ճանապարհի՝ ադրբեջանցիների «վերադարձը» Երեւան, «Գոյչա», «Զանգեզուր» կարող է տեղի ունենալ ամենամոտ ապագայում։
Խնդիրն այն է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից զատ՝ Ադրբեջանի իշխանության տարբեր անդամներ եւս անթաքույց արտահայտում են իրենց նկրտումները Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքի նկատմամբ։
Ինչպես, օրինակ, նշում է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը, Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Ազիզ Ալիքբերլին հայտնել է․ ««Արեւմտյան Ադրբեջանում»՝ ներկայիս Հայաստանում, երկար տարիներ թուրքական տեղանունները հայաֆիկացվել են․․․»։
«Ամենօրյա մակարդակով՝ բացեիբաց, Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ-ի նկատմամբ․ այդ ամենը ոչ միայն մնում է անպատասխան, այլեւ չի գնահատվում ըստ արժանվույն, չի ներկայացվում միջազգային գործընկերներին։ Ադրբեջանն այս թեզով «նվեր» է արել Հայաստանին՝ ի ցույց դնելով ծավալապաշտական իր նկրտումները, բայց անգամ նման իրավիճակում ոչինչ չի արվում»,- գրում է ադրբեջանագետը։
Ադրբեջանցի այլ պետական պաշտոնյաներ՝ նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, շարունակ հայտարարում են, որ իբրեւ ադրբեջանցիները շուտով կվերադառնան «Արեւմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանում այդպես են անվանում Հայաստանի Հանրապետությունը՝ դրանով հանդերձ տարածքային հավակնություններ ներկայացնելով մեր երկրի նկատմամբ։
Բայց եթե շրջանառվում է փախստականների վերադարձի թեման, ապա անպայման պետք է խոսել ներկայիս Ադրբեջանի բազմաթիվ բնակավայրերից եւ տարածքներից՝ Բաքվից, Գանձակից, Սումգայիթից, Խանլարից, Դաշքեսանից եւ Խորհրդային Ադրբեջանի այլ հատվածներից բռնատեղահանված հարյուր հազարավոր հայերի վերադարձի մասին։
Ընդ որում՝ Արցախը բոլորովին այլ հարթության վրա է․ այդտեղ հազարամյակներով հայեր են ապրել, դա պատմական հայկական տարածք է, որտեղից հայերը հեռացել են, քանի որ Ադրբեջանում նրանց դեմ պետական մակարդակով ռասիզմ է քարոզվում, քանի որ հայն այդ երկրի կազմում առանց միջազգային եւ անվտանգային ուժեղ պաշտպանության ապրելու որեւէ հնարավորություն չունի։
Պատրաստեց Տիգրան Աթանեսյանը