ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ առաջիկայում կստեղծվի էլեկտրոնային հարթակ՝ Արցախից բռնի տեղահանվածներին հնարավորություն տալով առցանց դիմելու կենսաթոշակ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ ստանալու համար։
Նախարարության պարզաբանմամբ՝ եթե Արցախից բռնի տեղահանված անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:
«Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում: Տեղեկացնում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչեւ հոկտեմբերի 28–ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28–ից սկսած»,- ասված է հայտարարության մեջ: