ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի նախագծա-նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ պետեկամուտների կոմիտեն:
Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կբացվի: Փաշինյանը շեշտել էր, բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել է «Մարգարայի» անցակետը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի» հարցման՝ ՊԵԿ–ից հայտնել են՝ ինչ աշխատանքներ են կատարվել անցակետում։ «Կառուցվել են մաքսային հսկողության եւ վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը եւ շինությունները»,- նշել են կոմիտեից։ Ներկա պահին կատարվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման եւ բարեկարգման աշխատանքները։