Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 6-ին քննարկման է դրել երկրի ներգաղթի օրենքները խստացնող օրինագիծը: Ավելի վաղ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են նախագիծը՝ նշելով, որ այն ոտնահարում է ապաստան հայցողների եւ այլ միգրանտների իրավունքները:
Ըստ Associated Press գործակալության՝ օրինագիծը, մասնավորապես, նպատակ ունի խստացնելու հանցագործություն կատարող օտարերկրացիների նկատմամբ միջոցները եւ վտարել բոլորին անխտիր:
Օրինագիծը միաժամանակ նախատեսում է տնտեսության որոշ ոլորտներում առանց փաստաթղթերի աշխատողներին իրավական կարգավիճակ սահմանող դրույթ այն դեպքում, երբ գործատուներն աշխատուժի պակաս ունեն:
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում գերակշռում են երկիր ապօրինի մուտք գործած աշխատողներին օրինական կարգավիճակ տալուն դեմ արտահայտվող պահպանողականները: Վերջիներիս համոզմամբ՝ այդ քայլը «ձգողական էֆեկտ» կստեղծի, որը ավելի շատ ներգաղթյալների կխրախուսի Ֆրանսիա մուտք գործել: