Սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումից, ապա 100 հազարից ավելի արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Հայաստանի հանրության զգալի մասը մեր հայրենակիցներին ամենօրյա ռեժիմով աջակցելու եւ նրանց կարիքները հոգալու գործին է լծված։
Ազգային ողբերգությունը, ինչպես նախորդ պատերազմներին եւ շրջափակման ինն ամիսներին, կրկին համախմբել է բոլորին։ Իսկ թե ինչու մի ամբողջ ժողովուրդ հայրենազրկվեց եւ հաշված օրերի ընթացքում հայտնվեց օգնողի կամ օգնություն ստացողի կարգավիճակում, դժվար է ասել։ «Ինչու այսպես եղավ» հարցը, անկախ մասնագիտությունից ու սոցիալական դիրքից, շատերն են փորձում վերլուծել։ Կարծիքներն ու տեսակետները, որոնք ներկայացվում են առանց խմբագրման, տարբեր են, եզրահանգումը՝ նույնը․ Հայաստանի ներկա իշխանությունը քայլ առ քայլ հասավ Արցախի կորստին։
Գեղանկարիչ Վարուժան Վարդումյանը, ինչպես ինքն է ասում, Արցախի համար զենքը ձեռքին թեեւ չի կռվել, բայց ուսանողական տարիներից պայքարի ակունքներում է եղել․ Մոսկվայում ցույցեր են կազմակերպել, հայ ուսանողներին հանրակացարանից դուրս բերել փողոց․․․Եվ մի ամբողջ գիտակից կյանք, թեեւ փխրուն խաղաղությամբ, «Արցախ ունենալ»-ով է ապրել։ Հիմա իբրեւ մտավորական եւ շարքային քաղաքացի դժվարանում է գնահատական տալ կատարվածին։ Արցախը կորցնելը կործանման գնալու է նման։
Հայամետ չենք
Բառեր չեմ գտնում, ինչքան էլ հույս փայփայեմ, թե մի օր ամեն ինչ հետ կբերենք։ Գուցե սա ինքնախաբեություն է, բայց մտածում եմ՝ տիեզերական խախտում կլինի, որ մենք կործանվենք։ Իրականում կործանման ենք գնում։ Վերջին երեսուն տարին ավելի շատ սնվեց նյութով։ Փողը գերիշխեց։ Խորհրդային Միությունից մնացած ամենավատ ժառանգությունն էր՝ պետությունից տանել, գողանալ։ Ու անկախությունից հետո էդ հոգեբանությունից չազատվեցինք։ Մարդիկ գալիս էին իշխանության, ուզում էին տնօրեն, քաղաքապետ, մարզպետ դառնալ ոչ թե ծառայելու, այլ օգտվելու համար։ Հետո բազմակուսակցությունը լուրջ խնդիր դարձավ․ մեկը՝ ամերիկամետ, մյուսը՝ անգլիամետ, հայամետ չկա։ Մի ամբողջ ժողովրդի արժեհամակարգ փոխվեց։
Մեզ չեն հարգում
Էս սրիկաների անունը տալ չեմ ուզում․․․ սրանք որ եկան իշխանության, հարձակում եղավ ամեն ինչի վրա։ Կարողացան ժողովրդի մեջ մտցնել՝ իմ էրեխեն ինչի՞ պետք ա Արցախում ծառայի կամ մեր ինչի՞ն է պետք Արցախը։ Արդեն Սյունիքի գլխին են ամպեր կուտակվում: Սա ոչ մեկը չի թաքցնում, բոլորը գիտեն, բայց նորից մտածող չկա։ Կռվեցինք, պատերազմեցինք, հասանք էս պահին՝ գերագույն հրամանատար կոչվածն ամեն ինչ հանձնեց։ Այսինքն՝ ինքը պարտության համար արդեն պայմանավորվել էր, այլապես կթողնեին, որ 2020-ին կամավորները Արցախ գնային։ Գիտակցաբար չթողեցին եւ չզինեցին, զորահավաք չարվեց, զենքին տիրապետող մարդկանց էլ գնալ չէին թողնում։ Հայաստանում հաղթել է ընտրություններում, հոխորտում է, իսկ դրսում կուչ է գալիս։ Հաղորդումներ ես նայում, դրսի ԶԼՄ-ները, լուրջ մարդիկ հայհոյում են, ինչն ինձ համար վիրավորական է։ Ես նրան ոչ մի անգամ որպես իմ ղեկավարի չեմ ընդունել, բայց երբ դրսում այլազգիներն են այդպես խոսում, անպատվաբեր է։ Մեզ է՛լ չեն հարգում, եւ ոչ ոք մեզ չի օգնելու։ Մի երկու բեռնատար սնունդ, ֆինանս, հումանիտար օգնություն ու վերջ։ Սրանց, կյանքի գնով էլ լինի, հեռացնել է պետք։ Արտաքին հարաբերություններում անհապաղ պետք է մի միջոց գտնել՝ դրանց ախորժակը փակելու։ Ուզում ես սատանայի հետ գործընկեր դարձիր, կարեւորը քեզ զենք տա, պահես երկիրդ։ Պետք է կասեցնել գահավիժումը։
Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը նույնպես վստահ է, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից հանել եւ հետագա վտանգներից կարելի է փրկել միայն իշխանափոխության գնալով։ Հիմա, առավել քան երբեւէ, խառը, վտանգավոր եւ անորոշ ժամանակաշրջան է։ Բայց Հայաստանի առաջին դեմքերը նորից երկրի դեմ են աշխատում։
Կարմիր գիծ
Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, ոչ մի դեպքում էսպես չէր լուծվի Արցախի հարցը։ Թեկուզ նրանք կաշառակեր, թալանչիներ էին, բայց նրանց համար կարմիր գիծ գոյություն ուներ։ Դա տարածքն էր՝ հայրենիքը, որը չէին տալու։ Վստահ եմ՝ հինգ շրջան տալու էին, Արցախը կարգավիճակ ստանար, հետո երկուսը չէին տալու։ Քաղաքականությունը կեղտոտ խաղ է, եւ մերոնք խաղում էին էդ խաղը։ Իսկ սրա համար կարմիր գիծ գոյություն չունի։ Չեմ ուզում ասել՝ դավադիր, դավաճաններ, թեեւ այն կարծիքին եմ, որ եկել են մեր պետությունը քանդելու։ Իրենց ապաշնորհությամբ մեր բարեկամներին, մեր ռազմավարական դաշնակցին մեր դեմ հանեցին։ Եվ ստացվեց էնպես, որ Արցախի էս պահի պատմությունը ռուս-թուրքական դաշինքի միջոցով եղավ։ Սա էնպես թշնամացրեց ռուսներին մեր դեմ, որ ճիշտ է, մեր դեմ ուղիղ չգործեցին, բայց աչքները փակեցին, եւ Թուրքիան արեց իր անելիքը։
Չպետք է հայհոյել
Սրանք պետք է օր առաջ հեռանան, որ նոր եկողները կարողանան կանգնեցնել էս աղետը։ Մենք խորտակվում ենք։ Թուրքն էնքան հիմար չէ, որ ռուսի դեմ կռվի։ Ռուսաստանը վատ երկիր է, կոռումպացված է, բայց աշխարհակալ կայսրություն է, ահռելի տարածքների վրա ազդեցություն ունի։ Մենք էլ իր ազդեցության գոտում ենք, ի՞նչ գործ ունենք արհամարհելու, նեղացնելու, մանավանդ որ դաշնակից է։ Եվ ընդհանրապես, ոչ մեկին չպետք է հայհոյել։ Սերժը ո՞նց էր անում՝ չէր հայհոյում, հարաբերություններ էր կառուցում։ Իսկ սրանք արեւմտամետ, ռուսամետ անելով մեզ դարձրին «շաղ տված», անսկզբունքային հասարակություն։ Եվ այսօր ակնհայտ է, որ ո՛չ մեր թշնամիները եւ ո՛չ էլ բարեկամները մեզ չեն հարգում։
Ինժեներ, մետալուրգ Գագիկ Շոլինյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ինքնապաշտպանությունն է համարում․ կոչերը, հումանիտար օգնությունները սովորաբար արվում են թույլ կողմին պաշտպանելու համար։ Իսկ դեպի խաղաղություն ճանապարհը պատերազմի միջով է անցնում․պատերազմից խուսափելու փորձեր անելով՝ խաղաղություն չէր հաստատվելու։
Պետք էր պատրաստվել
Երբ Հայաստանը պատերազմից խուսափելու պատրվակով մի կողմ քաշվեց, նման շարունակությունը ենթադրելի էր: Հարկավոր էր պարզապես պատրաստ լինել, ստեղծել համապատասխան ինժեներական պաշտպանական կառույցներ: Նկատի ունեմ առճակատման հատվածում բազմաշերտ խրամատների եւ բլինդաժների կառուցումը, որը մեծ ծախսեր չի պահանջում: Նույնիսկ 2018-2019 թվականների ընթացքում այդ ամենը հնարավոր էր անել։ Այդպես պատերազմի ժամանակ կխուսափեինք պարտությունից եւ մարդկային զգալի կորուստներից։ Բայց վերը նշվածը չանելով էլ 44-օրյա պատերազմը չպետք է մեր կողմի համար ոչ հաջող իրավիճակում դադարեցվեր: Ես խոսել եմ պատերազմի մասնակից որոշ սպաների հետ, նրանք հավաստիացնում էին, որ Հայաստանի բանակը պատերազմը շարունակելու համար ուներ բավարար ռեսուրսներ:
Դրսում՝ դաշնակից, ներսում ներուժ գտնել
Մեր երկիրը պետք է վերջնականորեն կողմնորոշվի իրական դաշնակիցների հարցում: Եթե փաստաթղթային դաշնակիցն անհրաժեշտության դեպքում գործնականում ոչինչ չի անում, ուրեմն նա քեզ դաշնակից չէ: Բացի այդ՝ այդպիսի դաշնակցային կապը խանգարում է իրական դաշնակցային պայմանագրեր կնքելուն։ Հունաստանը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են, նրանք, մեղմ ասած, հիացած չեն միմյանցով: Հունաստանը թուրքական վտանգից պաշտպանվելու համար ունի առանձին ռազմական փոխօգնության պայմանագիր Ֆրանսիայի հետ, նրա սպառազինության մի մասը Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը անվճար հատկացնում են: Իսկ մեր դաշնակից Ռուսաստանը մեր վճարած գումարի դիմաց էլ մեզ զենք չի տալիս: Մենք դեռ երկար ժամանակ ենք մնալու պատերազմական իրավիճակում, ուստի դրսից մեր տնտեսության զարգացման համար ներդրումներ եւ կադրերի մուտք հնարավորինս քիչ են լինելու, այդ պատճառով տնտեսության զարգացման համար պետք է օգտագործել տեղական օլիգարխիայի միջոցները, տեղի գիտնականների եւ ինժեներա-տեխնիկական կադրերի ներուժը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։