ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Զելենսկու՝ Ուկրաինա այցելելու առաջարկը։
«Ես հարգում եմ նախագահ Զելենսկուն, բայց կարծում եմ, որ այս պահին նպատակահարմար չէ մեկնել Ուկրաինա»,- ասել է նա Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ներկայում նրա հետ գործ ունի Բայդենի վարչակազմը, եւ ես չեմ ցանկանում շահերի բախում ստեղծել»:
Ավելի վաղ Զելենսկին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել էր Ուկրաինա եւ ասել, որ 24 րոպեում նրան կբացատրի, որ 24 ժամում անհնար է խաղաղ կարգավորման հասնել։
ԱՄՆ նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ հաջորդ տարի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Ուկրաինայի հակամարտությունը 24 ժամում կլուծի:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե իր քաղաքական ընդդիմախոսի՝ Ջո Բայդենի «թուլությունն ու անձեռնհասությունն» են հնարավոր դարձրել ՌԴ ներխուժումն Ուկրաինա։ Նա ընդգծել է, որ իր վարչակազմի օրոք նման բան հաստատ տեղի չէր ունենա։