Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է նրա հետ ողջագուրվելուց։ Դրվագը լայնորեն տարածվել է համացանցում եւ դարձել քննարկումների առարկա։
Ըստ թուրքական Hürriyet պարբերականի՝ Հաքան Ֆիդանի՝ Բլինքենի հետ գրկախառնվելուց հրաժարվելու պատճառն ամերիկյան դիվանագիտության ղեկավարի՝ ավելի վաղ ցուցաբերած անքաղաքավարի վերաբերմունքն է եղել։
Պարբերականը նշում է, որ երբ Բլինքենի ավտոմեքենան կայանել է Թուրքիայի ԱԳՆ-ի մուտքի դիմաց, ԱՄՆ պետքարտուղարին դիմավորելու համար, դիվանագիտական արարողակարգի համաձայն, նրան էր սպասում Հաքան Ֆիդանը: Սակայն հեռախոսով զրուցող Բլինքենը փոքր-ինչ երկար է մնացել մեքենայի մեջ, եւ Թուրքիայի արտգործնախարարը վերադարձել է շենք։ Ըստ պարբերականի՝ արդեն ԱԳՆ-ի շենքում Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղարին ողջունելիս չի ողջագուրվել։ Հանդիպման տեսանյութը հրապարակել է թուրքական Yeni Şafak պարբերականը: