Նոյեմբերի 7-ին Բաքվում շարունակվել է հուլիսի 29-ին Լաչինի ապօրինի անցակետից ադրբեջանցի ուժայինների կողմից առեւանգված եւ կալանավորված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Դատական նիստի ընթացքում դատախազը մեղադրյալի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։ Նախատեսվում է նաեւ Խաչատրյանի փաստաբանի պաշտպանական ելույթը, իսկ վերջին խոսքը կտրվի Վագիֆ Խաչատրյանին։
Հիշեցնենք, որ 68-ամյա արցախցուն մեղադրում են հեռավոր 1990-ականներին, իբր, Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարած «ցեղասպանության» համար։ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ նրա դեմ հարուցված կեղծ քրեական գործով, ըստ ադրբեջանական կողմի, տուժող է ճանաչվել 59 մարդ։