Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Էրդողանի եւ Նեթանյահուի միջեւ ենթադրյալ համաձայնության մասին տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիան պետք է մեկ միլիոն պաղեստինցիների ընդունի։ Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի եւ Իսրայելի վարչապետի միջեւ բանակցություններ չեն եղել։
Ավելի վաղ թուրքական մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել, թե Էրդողանը համաձայնել է Թուրքիա ընդունել մեկ միլիոն պաղեստինցի փախստականների՝ գումարի դիմաց։
«Որոշ սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունը, որում նշվում է Նեթանյահուի հայտարարությունը, թե իբր Էրդողանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մեկ միլիոն պաղեստինցի երկու միլիարդ դոլարի դիմաց կդառնա Թուրքիայի քաղաքացի եւ կապրի Թուրքիայում, ճիշտ չէ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ այլեւս Նեթանյահուին «իր զրուցակիցը» չի համարում։