Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 8-ի «հաղթանակի օրվա» կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «անկախության հենց առաջին տարիներից ադրբեջանական ազգի նկատմամբ էթնիկ զտումների» համար։
Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերականգնմանը՝ նշված կառույցը կրկին խոսել է «խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Հայաստանի կողմից հարուցվող խոչընդոտների մասին», որոնք, իբր թե, հանգեցրել են սույն թվականի սեպտեմբերի 19-20-ի հարձակմանը։
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանի տարածքում վերջ է դրվել հայկական օկուպացիոն ուժերի ներկայությանը եւ Հայաստանի ստեղծած ապօրինի ռեժիմին, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության լայն հնարավորություններ կան։ Հայաստանը դեռեւս օկուպացված է պահում ադրբեջանական 8 գյուղերը, սակայն կարեւորելով երկու երկրների հարաբերությունների վերջնական կարգավորումը, ինչպես նաեւ Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրումը՝ կոչ ենք անում կառուցողական դիրքորոշում ցուցաբերել եւ համարժեք գնահատել տարածաշրջանային իրողությունները՝ ընդունելով, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։