Նասրալլայի ելույթի հիմնական նպատակն էր համոզել Միացյալ Նահանգներին, որ Իրանը եւ «Հըզբոլլահը» առնչություն չունեն հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածի հետ: Անդրադառնալով Նասրալլայի՝ նոյեմբերի 3-ի ելույթին՝ սրա մասին հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆարես Սուայդը:
Նա նշել է, որ Նասրալլան իր ելույթում շատ էր խոսում Գազայի հետ համերաշխության մասին, մինչդեռ իրականում շատ քիչ բան արեց Գազայի եւ նրա բնակիչների համար: «Նա խոսում էր այնպես, կարծես ներկայացնում էր, առաջին հերթին, Իրանը։ Այդ գիշեր Նասրալլան խաղաց Պոնտացի Պիղատոսի դերը։ Նա ձեռքերը լվաց Գազայում եւ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից»,- ընդգծել է լիբանանցի նախկին խորհրդարանականը։
Սուայդը համոզմունք է հայտնել, որ Նասրալլայի ելույթը բխում էր Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի եւ արեւմտյան երկրների նավատորմների տեղակայման փաստից։ Նման կերպ Նասրալլան ակնարկել է, որ Իրանը մտադիր չէ միանալ Իսրայելի դեմ պատերազմին:
Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավորը հայտնել է, որ Նասրալլան թքած ունի Լիբանանի վրա։ «Նրա համար Իրանը միշտ առաջին տեղում է… Գուցե ելույթը արաբերեն էր, բայց տեքստը իրանական էր։ Նրա ամբողջ ելույթի ամենակարեւոր նպատակը Իրանին արդարացնելն էր»,- նշել է Ֆարես Սուայդը։ Ըստ նրա՝ «Հըզբոլլահի» առաջնորդը չխոսեց արաբների կամ նույնիսկ լիբանանցիների անունից: «Նա խոսեց միայն որպես իրանական խմբակցության ղեկավար, որը ցանկանում է ազատել Իրանին այս պատերազմի պատասխանատվությունից»,- շեշտել է լիբանանցի նախկին խորհրդարանականը: