Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է ԵՄ ֆինանսական փաստաթղթի վերանայմանը: Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը ձգտում է ԵՄ բյուջեն համալրելու հավելյալ 100 միլիարդ եվրոյով: Նշված միջոցները կուղղվեն Ուկրաինային օգնելու, միգրացիոն ճգնաժամի եւ բնական աղետների դեմ պայքարելու, առաջադեմ տեխնոլոգիաներ զարգացնելու ծրագրերի իրականացմանը։
Որպես համեմատություն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն օրինակ է բերել 2020 թվականի բյուջեն, որը 1,074 տրիլիոն եվրո էր: Այդ գումարից 750 միլիարդ եվրո հատկացվել էր արտակարգ իրավիճակների ծրագրի իրագործման համար՝ օգնելու երկրներին վերականգնվել ՔՈՎԻԴ-19 համավարակից: Նա նշել է, որ մարդկությունը բոլորովին այլ աշխարհում է, որը 2020-ի համավարակի ճգնաժամի հետ անգամ համեմատելի չէ: «Սա մի աշխարհ է, որտեղ բազմաթիվ մոլեգնող ճգնաժամեր կան: Մենք պետք է օգտագործենք ավելի շատ ռեսուրսներ, քան երբեւէ՝ դրանք լուծելու համար»,- շեշտել է ֆոն դեր Լայենը:
Եվրահանձնաժողովը ցանկանում է, որ բյուջեի նոր նախագիծը հաստատվի մինչեւ տարեվերջ՝ ընդգծելով, որ լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ պայման են դաշինքի ֆինանսական քաղաքականությունը կրկին ճկուն ու կայուն պահպանելու համար։ Եվրոպական խորհրդի հոկտեմբերի նիստը, որի ժամանակ անդամ-պետությունների ղեկավարները չեն թաքցրել իրենց վերաբերմունքը բյուջեի ավելացման նախաձեռնությանը, վկայում է, որ արդյունքի հասնելու համար դժվար պայքար է սպասվում։