Ռուսաստանի երթեւեկության անվտանգության պետական տեսչության պետի տեղակալ Եվգենի Լոգինովսկին առաջարկել է մինչեւ 18 տարեկան երեխաներին արգելել էլեկտրական սկուտեր քշել։
«Բացառել անհատական շարժունակության օժանդակ միջոցների օգտագործելու հնարավորությունը չափահաս տարիքի անձանց կողմից։ Սա պետք է արվի հնարավորինս արագ»,- նշել է նա:
Լոգինովսկին հայտնել է, որ այս տարվա ընդամենը 10 ամիսների ընթացքում էլեկտրական սկուտերների պատճառով 805 վթար է եղել: Պատահարներից ավելի քան 200-ը տեղի է ունեցել հոկտեմբերին: Երեք մարդ մահացել է:
Դեռ այս տարվա ապրիլին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաեւ այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը: Ըստ այդմ՝ նախաստեսվում է սահմանել սկուտեր վարելու տեղը, արագությունն ու վարողի տարիքային շեմը:
Նախկինում Փարիզում արգելված էր սկուտերների վարձակալությունը։ Փարիզը դարձավ եվրոպական առաջին քաղաքը, որը նման սահմանափակում մտցրեց։ Քաղաքացիների 89%-ը դեմ է քվեարկել kicksharing-ին՝ սկուտերների վարձակալությանը, քանի որ մեքենաները ցրված են քաղաքով մեկ, իսկ դրանց երկրպագուները վարում են ծայրաստիճան անզգույշ եւ վտանգավոր։ Քննադատների պնդմամբ՝ երթեւեկության միջով կամ մայթերին 27 կմ/ժ արագություն զարգացնող էլեկտրական սկուտերներն ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ տալիս: