Իշխանության եւ սիրո փոխկապակցված թեման ընդհանրապես կենտրոնական է Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործության մեջ։
Աշխատելով պերֆորմանսի ֆորմատում՝ նա իր անձը դարձնում է նյութ՝ կերտելու համար բացարձակ իշխանություն ունեցողի պաշտամունքային ֆիգուր։ Դրա միջոցներն ինչպես խոսքային ուղղակի հայտարություններն են, այնպես էլ անուղղակի գործողությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՄրցանակ, բայց արտասովոր |
«Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ, դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք…», «Դուք Գրիգոր Խաչատրյանի սեռական ճառագայթների տիրույթում եք…». այս եւ նման ասույթները, կոչերն ու հռչակագրերը, համադրվելով իշխանության գործառույթներ հիշեցնող արարքներով՝ մրցանակներ շնորհել («Գրիգոր Խաչատրյան մրցանակ»), լուսանկարել սովորական մարդկանց հետ իր հանդիպումները («Պաշտոնական հանդիպումներ»), «հիմնել» հաստատություն, որի գործառույթը տրված է միայն նախախնամությանը («Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոն»), նա հանրային շրջանառության մեջ է դնում իշխանավորի մի կերպար, որի ազդեցությունը շրջապատի վրա անկասելի է եւ բացարձակ։
Իշխանության դիրքն ու գործառույթները հեգնականորեն նմանակելու, ըստ էության, խեղկատակի ստրատեգիան, որ արվեստագետը որդեգրում է իր քննադատության ֆիգուրը կառուցելիս, կարող է մեզ շփոթության մատնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԳրիգոր Խաչատրյանի մեխը բացվեց |
Կարող ենք կարծել, թե արվեստագետի թիրախում ընդհանրապես իշխանության գոյաբանությունն է։ Գրիգոր Խաչատրյանն իրականում ավանդական իշխանության հատկանիշների խաղարկումով ստեղծած իր այդ զավեշտը շրջում է ընդդեմ իշխանության խարիզմատիկ այն տեսակի, որը հառնել էր հետխորհրդային Հայաստանում՝ իբրեւ անհատին քաղաքական գործունեությունն արգելած խորհրդային կոլեկտիվիստական անցյալի հակազդեցություն:
Նազարեթ Կարոյան