Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունից հայտնել են, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետով երթեւեկությունը նոյեմբերի 13-ից մինչեւ ամսվա վերջ ճանապարհի վերանորոգման պատճառով կդժվարանա:
Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն։
Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքի դանդաղ ընթացքին։
Հյուսիսային Կովկասի Մաքսային վարչությունը խորհուրդ է տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ։
Մայիսի վերջից հայկական բեռների սպասարկման համար Բաթում-Նովոռոսիյսկ գծով գործում է կոնտեյներային նավ (լաստանավի հետ չշփոթել): Դրա շնորհիվ հնարավոր կլինի բեռները տեղափոխել՝ շրջանցելով Վերին Լարսը (Հայաստանից Ռուսաստան միակ ցամաքային երթուղին)։