Վլադիմիր Զելենսկին նախագահի լիազորությունները կիրականացնի ժամկետի ավարտից հետո, քանի որ ուկրաինական օրենքներն արգելում են ռազմական դրության ժամանակ նոր ընտրությունների անցկացումը։ Դրա մասին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Դուբովիկը։
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղակալը շեշտել է, որ որքան էլ շահարկումներ լինեն այս թեմայի շուրջ, սահմանադրությունում հստակ արձանագրված է, որ Ուկրաինայի նախագահն իր լիազորություններն իրականացնում է մինչեւ Ուկրաինայի նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելը: «Ռազմական դրության ավարտից հետո նորընտիր Գերագույն ռադա չկա, գործող կազմն աշխատում է: Նորընտիր նախագահ չի լինի. հերթապահ նախագահը շարունակում է կատարել իր լիազորությունները: Սահմանադրությունը հստակ սահմանում է դա»,- ընդգծել է Դուբովիկը:
Նա հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրահանգներ է ստացել հաջորդ տարվա գարնանը նախագահական ընտրությունների նախապատրաստությունը սկսելու համար։ Դուբովիկը նշել է, որ Գերագույն ռադան Ուկրաինայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ նոր որոշումներ չի ընդունել։
Նախօրեին Ուկրաինայի նախագահն իր հերթին հերքել էր գարնանը նախագահական ընտրությունների հնարավոր անցկացման տեղեկությունը։ «Մենք պետք է որոշենք, որ հիմա պաշտպանության ժամանակն է, պատերազմելու ժամանակը, որից կախված է պետության ու ժողովրդի ճակատագիրը, այլ ոչ թե լցոնումների ժամանակը, մի բան, որ Ռուսաստանն ակնկալում է Ուկրաինայից։ Ես համարում եմ, որ հիմա ընտրությունների ժամանակը չէ»,- ընդգծել էր Վլադիմիր Զելենսկին։