Հայտնի է դարձել Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի՝ «Գոնկուրի» դափնեկիրը։ 2023 թվականին մրցանակը ստացել է Ժան-Բատիստ Անդրեան։
52-ամյա գրողը բարձրագույն գրական մրցանակին է արժանացել Ֆրանսիայում այս տարի լույս ընծայած «Նրան խնամքով վերաբերվիր» (Veiller sur elle) վեպի համար։ Դա սիրո պատմություն է Իտալիայում ֆաշիզմի ժամանակաշրջանում սոցիալական տարբեր խավերի մարդկանց միջեւ, որոնց միավորում է արվեստը:
Ամեն տարի «Գոնկուր» ակադեմիայի անդամները հավաքվում են փարիզյան «Դրոին» ռեստորանում, որպեսզի ակադեմիայի քարտուղարը համաձայնեցված պահին շամպայնի դույլից հանի հաղթողի անունով թուղթը։ Այս անգամ դա Կաննում ծնված, ֆրանսիացի գրող, սցենարիստ եւ ռեժիսոր Ժան-Բատիստ Անդրեան էր։ Նրա առաջին «Իմ թագուհին» վեպը լույս է տեսել 2017 -ին, երբ հեղինակը 46 տարեկան էր։ Գիրքը գրողին մի շարք մրցանակներ է ապահովել, դրանց թվում՝ «Լավագույն ֆրանսիական դեբյուտային վեպը»։ Դրանից հետո Անդրեան լույս է ընծայել եւս երեք ՝ «Հարյուր միլիոն տարի եւ մեկ օր» (2019), «Սատանաներ եւ սրբեր» (2021) եւ «Նրան խնամքով վերաբերվիր» Veiller sur elle (2023) վեպերը:
Մրցանակի դրամական պարգեւը շատ համեստ է՝ 10 եվրո։ Այդ գումարը սահմանվել է 1903 թվականին, ուստի տարիներ անց այն զուտ խորհրդանշական է։ Այնուամենայնիվ, հաղթողին դա չի ընկճում. «Գոնկուր» մրցանակը զգալիորեն մեծացնում է ոչ միայն հաղթող գրքի վաճառքը եւ այլ լեզուներով թարգմանությունների քանակը, այլեւ անդրադառնում է հեղինակի մյուս ստեղծագործությունների վրա։