Գերմանիայի իշխանությունները համաձայնության են եկել երկիր ներգաղթը սահմանափակելու նոր միջոցների շուրջ: Կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կուսումնասիրի ապաստանի դիմումների քննարկման հնարավորությունը Իտալիայի օրինակով։
Ներգաղթի սահմանափակման խնդրահարույց կետերից մեկը ապաստան հայցողների բնակարանային ծախսերն են: Գերմանիայի կառավարությունը համաձայն է ավելի շատ միջոցներ հատկացնել դրան, սակայն, ինչպես կանցլեր Շոլցն է նշել, գերնպատակն առհասարակ ապօրինի ներգաղթի զսպումն է: Կանցլերի համոզմամբ՝ դրա համար անհրաժեշտ է ավելի արդյունավետորեն պաշտպանել Եվրոպայի արտաքին սահմանները։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ գերմանական իշխանությունները անօրինական ներգաղթը նվազեցնելու նպատակով Գերմանիայում մնալու իրավունք չունեցողներին զանգվածաբար կարտաքսեն։
Միգրացիան սահմանափակող օրենսդրական գործընթացներ են տեղի ունենում եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Իտալիայում եւ Ֆրանսիայում։