Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն հակամարտությանը միջամտելուց, սակայն Արեւմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը: Նման միտք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրներից ժամանած գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
Պատրուշեւը հավաստիացրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, ինչպես նաեւ դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու եւ փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ:
Ըստ նրա՝ Ռուսաստանը հետեւողական քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման եւ տրանսպորտային ուղիների բացման։ «Փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում: Արեւմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում եւ նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան ժողովին Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու այս հանդիպմանը։