Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:
Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կլիմի 3.2 միլիարդ դրամ: Ինչպես տեղեկացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կառավարությունը նախատեսել է, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը՝ 144 միլիարդ դրամը, դեֆիցիտից կբարձրանա վերեւ եւ կհայտնվի ընդհանուր ծախսերում՝ որպես աջակցություն տեղահանված արցախցիներին: «Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,- ասել է նախարարը:
Բյուջեի նախագծով ընթացիկ ծախսերը կլինեն 2 տրիլիոն 321 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 710 միլիարդ դրամ: Նախագիծը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում ստացել է 4 կողմ, 1 դեմ ձայներ: Այն առաջիկայում ներկայացվելու է ԱԺ քննարկմանը:
2024 թվականի ՀՀ պետական բյուջեում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թոշակների համար կավելացվի 30 միլիարդ դրամ: Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թվականի պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ Կառավարությունը բյուջեն հաստատել էր մինչ տեղահանությունը։