ՀՀ Սեւան, Գավառ քաղաքներում եւ Արենի համայնքում տեղավորված արցախցի ընտանիքներին ռուսական հումանիտար օգնություն է հատկացվել։
Տաք հագուստը, հիգիենայի պարագաներն ու քաղցրավենիքը տեղ են հասցրել Հայաստանում МИР հիմնադրամի (Միջազգային զարգացման ինստիտուտ) կողմից ստեղծված ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնները՝ Ռուսաստանի հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ։
«Ալիք Մեդիան» ստորեւ ներկայացնում է նշված կազմակերպությունների տարածած մամուլի հաղորդագրությունը։
«Մենք միասին ենք, մենք ձեզ հետ ենք». Ռուսաստանի եւ Հայաստանի երկու բարեկամ երկրների դրոշների կողքին մարդասիրական ակցիայի այս կարգախոսը կենտրոնները պատահական չեն ընտրել։
Կազմակերպիչները վստահ են՝ այսօր առավել քան երբեւէ կարեւոր է լինել համախմբված, օգնել միմյանց, աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Ռուզաննա Գեւորգյանը, որը նույնպես ստացավ հումանիտար օգնություն, իր ութհոգանոց ընտանիքով (հինգ երեխա ունի) Ստեփանակերտից եկել է Սեւան։ Ուզում է այստեղ սկսել թխել արցախյան ժենգյալով հաց։
«Գոհ ու շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին՝ մեր երեխաների կողքին կանգնելու եւ թիկունք լինելու համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են արցախցիների կողքին»,- նշում է նա։
Մարինե Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է ընտանիքի հետ տարհանվում։ Առաջին անգամ Հայաստան գալուց հետո կրկին հետ է դարձել Եղեգնուտ գյուղ։ Այժմ ապրում են Գավառում։ «Շնորհակալություն կազմերպիչներին։ Այս հագուստի եւ մնացած իրերի կարիքն ունեն թե՛ բոլորը, թե՛ մենք»,- նշում է նա։
Լիլիթ Աբրահամյանը Շուշի քաղաքից է եղել, հետո տեղահանվել է Ստեփանակերտ։ Այժմ Արենի համայնքում է ապրում իր ընտանիքի հետ։
«Ամուսինս զբաղվում էր մետաղի ջարդոնների հավաքմամբ։ Այստեղ դեռ աշխատանք չունենք, ուզում ենք սկսել զբաղվել հողագործությամբ։ Նման աջակցության կարիք իսկապես կա։ Ցանկացած աջակցություն կարեւոր է»,- նշում է նա։
«Շնորհակալություն եմ հայտնում մեր ռուս բարեկամներին, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում Սեւան համայնքում։ Այստեղ բոլորն արդեն գիտեն МИР կենտրոնների գործունեության մասին շնորհիվ մեր դասարանի։ Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր իրականացնում են այս գործունեությունը»,- իր խոսքում նշեց Սեւանի դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանը։
Սեւանի քաղաքապետարանի կրթամշակութային գործառույթների համակարգող Անահիտ Հովհաննիսյանն էլ կարեւորեց նման միջոցառումների առկայությունը, քանի որ մեր հայրենակիցներից շատերը եկել են առանց որեւէ հագուստի։
«Ի նշան հայ-ռուսական բարեկամության՝ 500 երեխայի համար նախատեսված հագուստը, քաղցրեղենն ու հիգիենայի պարագաները տեղական ադմինիստրացիայի ներկայացուցիչների եւ մեր միջոցով բաժանվում են Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ եւ Վայոց ձորի մարզի Արենի քաղաքներում։ Սա փոքր քայլ է մեր կողմից՝ փոքր-ինչ մեղմացնելու ձեր բեռը։ Շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին այս աջակցության համար եւ ուրախ ենք, որ երկկողմ համագործակցությունն էլ ավելի է խորանում եւ զարգանում»,- նշում է Հայաստանում МИР հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը։
Նշենք, որ հենց Սեւան, Գավառ եւ Արենի քաղաքներում այս տարվա մայիսին բացվեցին ռուսաց լեզվի եւ մշակույթի ուսումնասիրման անվճար МИР կենտրոններ, որտեղ 6-17 տարեկան երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն սովորելու ռուսաց լեզու, այլեւ ծանոթանալու Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին եւ ընկղմվելու երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության պատմության մեջ, տիրապետելու ժամանակակից մասնագիտությունների հիմունքներին:
Կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով եւ մեծ գրադարանով, որը պարունակում է ռուս, հայ եւ արտասահմանյան հեղինակների ռուսալեզու գրականություն: Փորձառու ուսուցիչները կազմակերպում են միջոցառումներ, էքսկուրսիաներ, ընթերցումներ, օլիմպիադաներ, հանդիպումներ Ռուսաստանի եւ Հայաստանի տարբեր մասնագիտությունների հայտնի ներկայացուցիչների հետ։
Հայաստանի նշված բնակավայրերում հաստատված արցախցի երեխաները նույնպես հնարավորություն կունենան անվճար սովորելու МИР կենտրոններում։