Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից մեկը դարձել է ընտրված կառավարման մոդելի եւ գոյություն ունեցող իրական քաղաքական համակարգի խոր անհամապատասխանությունը:
Անհնար է արդյունավետ կառավարում, եթե կառավարման մոդելն ու գործող քաղաքական համակարգն աշխատում են միմյանց դեմ:
Չես կարող ընկերությունդ գրանցել որպես բաժնետիրական եւ կառուցվածքում ընդգրկել տնօրենների խորհուրդ՝ չունենալով բաժնետերեր ու տնօրենների հավակնորդներ:
2015-ից սկիզբ առած անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ենթադրում է, որ իշխանավարման եւ դրա հանդեպ վերահսկողության հիմքում ընկած պետք է լինի կուսակցական համակարգը:
Այդ փոփոխությունը կոչված էր ապահովելու անցումը անձնավորված կառավարումից դեպի կոլեկտիվ պատասխանատվությամբ համակարգի, որտեղ կուսակցական կառույցներն էին լինելու երկրի քաղաքական առանցքը:
Ինչ խոսք, հրաշալի եւ ժողովրդավարական է թվում` հարիր եվրոպական պառլամենտարիզմի ոգուն, բայց ի՞նչ ունենք իրականում:
Հայաստանում կուսակցականությունը պարալիզացված եւ մերժված է: Կուսակցական լինելն իր անընդունելիությամբ հավասարեցված է երբեմնի «մլիցա» լինելուն:
ԱԺ-ում, բացի КПСС-ի (չինովնիկների ակումբ) վերածված ՔՊ-ից, մյուս երկու ուժերն առհասարակ կուսակցական կառույցներ չեն, այլ անձերի շուրջ ձեւավորված ամորֆ միավորումներ, որոնք պառլամենտում են հայտնվել զուտ որպես նախկին նախագահների ներկայացուցիչներ:
Նույն իրավիճակն էր նաեւ Երեւանի ավագանու վերջին ընտրություններին: Առավել շատ ձայն ստացածներից միայն երկուսին կարելի է դասական իմաստով կուսակցություն համարել` ՔՊ-ն եւ Հանրապետությունը:
Տարիներ շարունակ ՀՀ քաղաքական կյանքում լուրջ դերակատարում ունեցած կուսակցությունների զգալի մասը փաստացի դադարեցրել է քաղաքական գործունեությունը: Չեն մասնակցում ընտրությունների, մարզային կառույցները կիսալուծարված են, կուսակցաշինությունը՝ դադարեցված:
Կուսակցապետներից շատերը դարձել են շարքային փորձագետներ եւ բավարարվում են միայն եթերից եթեր վերլուծություններ անելով` մոռանալով պրակտիկ քաղաքականության մասին:
Քաղաքականությունն առաջին հերթին եղած խնդիրների այլընտրանքային լուծումների առաջարկ, գործողությունների պլան ունենալն է, այլ ոչ թե հետին թվով մեկնաբանություններ անելը, ինչն անողների պակաս բոլորովին չկա:
Ֆեյսբուքյան ակտիվիզմն ու յութուբյան խոսող գլուխների համքարությունը քաղաքականության մասին չեն:
Դրանք պարզապես քրտնաջան աշխատանք չպահանջող, բայց սեփական էգոն հաճելիորեն շոյող քաղաքական վերլուծությունների իմիտացիա են, որից շահում են միայն լրագրողները, լրատվամիջոցները, փորձագետները` աշխատավարձի ու համացանցային հայտնիության տեսքով:
Պետությանն ու հասարակությանը դրանից ոչինչ` միայն վնաս:
Բազմաթիվ քաղաքականապես ակտիվ անձինք ամեն կերպ խուսափում են կուսակցական կառույցների հետ գործ ունենալուց եւ բավարարվում են զուտ ակտիվիզմով: Եվ զարմանալի չէ, կուսակցությունների վարկաբեկումը օդից չի ընկել, դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքեր:
Առաջին հերթին՝ դրանց ավտորիտար կառուցվածքը, երբ իբր երկրում ժողովրդավարություն կառուցող կուսակցությունները ներսից շարունակում են մնալ փակ, անձնակենտրոն եւ ուղղահայաց կառավարմամբ բուրգեր:
Ինչպես կարող են կուսակցական կառույցները ստեղծել ժողովրդավարություն, եթե իրենք իրենցով ավտորիտար համակարգեր են: Իհարկե չեն կարող:
Արդյունքում այդ կառույցները ոչ թե ներսից ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացնում, այլ ներսում հակաժողովրդավարական լինելով՝ երկրի համատեքստում էլ մի մասը ծաղրում է ժողովրդավարությունը, մյուս մասը՝ քարոզում դրա խեղված տարբերակը:
Կոլեկտիվ պատասխանատվության փոխարեն ներդրվել է կոլեկտիվ անպատասխանատվության մի համակարգ, որտեղ քաղաքական դաշտն ու հանրային տրամադրությունները բառիս բուն իմաստով ուզուրպացրած խոսող գլուխները չունեն հաշվետվողականության ոչ մի գործառույթ, ոչ մի վերահսկողական լծակ եւ հետեւաբար ոչ մի պատասխանատվություն տարվող քաղաքական գործընթացների նկատմամբ:
Սա փաստացի միակուսակցական համակարգ է` առանց այլ կուսակցությունների այլընտրանքի, վերահսկողության եւ փոխզսպման մեխանիզմների:
Առանց կուսակցական համակարգի առողջացման մենք վաղ թե ուշ կանգնելու ենք պառլամենտարիզմի կրախի առջեւ, եւ դա առաջին հերթին պետք է հուզի հենց իշխող կուսակցությանն ու մնացած ուժերին:
Պետք է վերջ տալ քաղաքական կյանքի «փորձագիտական կառավարման» շահավետ, բայց արատավոր պրակտիկային ու քաղաքականությունը վերադարձնել ինստիտուցիոնալ հուն: