The Eurasian times պարբերականը հայտնել է, որ Հայաստանը 41,5 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Հնդկաստանի Zen Technologies կորպորացիայի հետ հակաօդային պաշտպանության Zen Anti-Drone System (ZADS) սարքերի պատվերի համար, որը ներառում է ուսումնական լուծումներ եւ հակաօդային համակարգեր։
Zen Anti-Drone System-ը հակաօդային անօդաչու թռչող սարքերին հակազդող (CUAS), բազմաշերտ բազմասենսորային համակարգ է, որն ապահովում է համապարփակ անվտանգություն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից: Zen Technologies կորպորացիայի հակադրոնային համակարգն աշխատում է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, դասակարգման եւ հսկողության, տեսախցիկների սենսորների եւ սպառնալիքների չեզոքացման վրա՝ անօդաչու թռչող սարքերի հաղորդակցության խափանման եղանակով:
Zen Technologies-ը հայտարարել է, որ 2023-ի հոկտեմբերի 28-ին խորհրդի անցկացրած հանդիպման ընթացքում հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։
Պարբերականը հիշեցնում է, որ 2022-ին Հնդկաստանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել 250 միլիոն ԱՄՆ դոլարի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, հակատանկային զինամթերքի եւ այլ ռազմամթերքի մատակարարման շուրջ։