Ռուսաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է մշակում, որը նախատեսում է արգելել անօրինական միգրանտներին որոշակի ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես՝ նրանք չեն կարողանա մեքենա գրանցել, բանկային հաշիվ բացել կամ ամուսնանալ: Դրա մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան։ Նա նշել է, որ մոտ ապագայում այն կներկայացվի Պետդումային:
Կազակովան նշել է, որ նման միջոցառումները կհանգեցնեն անօրինական միգրանտների բացահայտմանը եւ Ռուսաստանի Դաշնության տարածքից նրանց դուրսբերմանը։ Նա նաեւ հիշեցրել է, որ ներկայում մշակվում է օտարերկրացու թվային պրոֆիլի հարցը, որտեղ մուտքագրվելու են նրա մասին բոլոր տեղեկությունները։ «Այսինքն՝ ներգաղթյալը պետք է նախապես հայտարարի, որ մտադիր է հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը, եւ դա, իհարկե, կնվազեցնի այն բացասական ռիսկերը, որոնք կարող են լինել անօրինական ներգաղթյալի մուտք գործելու դեպքում», ընդգծել է գլխավոր վարչության պետը։