Արցախցի Արմինեն Ստեփանակերտի իրենց տունը կոկիկ հավաքել, դասավորել է, վերցրել մի քանի հագուստ, հետո են միայն փակել դուռը։
«Չէինք հասկանում, որ էլ չենք վերադառնալու։ Տպավորություն էր, թե երեկոյան պիտի հետ գնանք։ Այդ օրերին ոմանք վառում էին տները․ իրենց հասկանում եմ, որովհետեւ հետո ադրբեջանցիները վնասելու էին, բայց մեր ձեռքը չգնաց։ Ուղղակի դուրս եկանք»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հիշում է Արմինեն։
Մեր զրուցակիցը Արցախի պետական վերահսկողական ծառայությունում է աշխատել՝ որպես առաջատար մասնագետ։ Մի քանի գործընկերների հետ մնացել են մինչեւ բռնի տեղահանման վերջին օրերը, որ մյուս արցախցիներին օգնեն վառելիք ձեռք բերելու, եղածը հավասար բաշխելու։ Սեպտեմբերի 28-ին Արմինեի ընտանիքը տեղահանվել է, մինչեւ Կոռնիձոր հասել են 35 ժամում։
Արմինեն մինչ օրս դժվարությամբ է գիտակցում՝ ինչ է տեղի ունեցել։ «Հավատում էինք, որ մի ելք կլինի, կհաղթահարենք։ Շրջափակման փուլը դժվար էր, բայց որքան էլ զարմանալի է, հույս կար։ Մտածում էի՝ եթե այդքան դժվարությունների միջով անցնում ենք, ուրեմն հարցը դրական լուծում կստանա»:
Հույս ունեին, որ տարբեր երկրներից կարձագանքեն, կաջակցեն։ Այդքան դժվարությունների միջով անցնելուց հետո այսքան վատ ավարտ չեն պատկերացրել։ «Քանի որ խաղաղապահները մեզ մոտ էին, մտածում էինք, թե պատերազմ չի կարող լինել»։
Ամենօրյա կրակոցներին արցախցիները սովոր էին․ ձայներից էլ չէին վախենում, բայց սեպտեմբերի 19-ին ամեն ինչ փոխվել է։ Արմինեն աշխատանքի է եղել, 9-ամյա դուստրը՝ դպրոցում։ Աշխատավայրից տուն գնալու ճանապարհն Արմինեի կյանքում ամենադժվար անցած երեսուն րոպեն է եղել։ Ռմբակոծությունների տակ է տուն հասել՝ երեխային գտնելու հույսով։
Հայաստանում Արմինեն ընտանիքի՝ ծնողների ու դստեր հետ հաստատվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ բարեկամի տանը։ Հայաստանում այնքան ջերմ են դիմավորել, որ հեռանալու միտքն արագ է անցել։ «Մենք Արցախից գնալու հնարավորություն էլ ունեինք, մայրս այլ երկրի քաղաքացի է։ Բայց չէինք ցանկանում։ Երեւի հենց այդ լավի սպասումն էր․ հույս ունեինք, որ ամեն ինչ լավ կավարտվի։ Տեղահանվելուց հետո էլ միակ ելքը երկրից գնալն էր թվում, բայց հիմա մտափոխվել ենք։ Երբ մի քիչ մնում ես, զգում ես, որ այս հողն էլ է քոնը, մարդիկ քոնն են, հարազատ են, չես ուզում բաժանվել»։
Արմինեն հույս ունի՝ մարզում աշխատանք կգտնի, որ տուն վարձեն, բարեկամի տանը երկար չեն կարող մնալ։
«Երբ գնացի համայնքապետարան՝ հաշվառվելու, աշխատակիցները զբաղված էին։ Ես էլ տարիների փորձ ունեմ ոլորտում։ Առաջարկեցի օգնել։ Հիմա էլ ամեն օր գնում եմ, կամավոր աշխատում։ Մտերմացել ենք, փորձում են օգնել, որ աշխատանքի ընդունվեմ»։
Արմինեի դուստրը, որին մայրը միայնակ է մեծացնում, ընդունվել է Նորամարգի դպրոց։ Երեխան սեպտեմբերի 19-ին վախեցել է, այժմ հոգեբանական աշխատանքի կարիք կա։ «Միշտ հարցնում է՝ մա՛մ, բա ե՞րբ ենք հետ գնալու։ Ասում եմ՝ չենք գնալու։ Որոշ ժամանակ հետո նորից է գալիս մոտս՝ մա՛մ, այսինքն՝ ընդհանրապես հետ չե՞նք գնալու, մեր տունը քանդե՞լ են»:
Հագեբանները խորհուրդ են տվել ժամանակի մեծ մասը երեխայի հետ անցկացնել, որ հնարավորինս արագ կազդուրվի։ Այդ պատճառով Արմինեն որոշել է այս ընթացքում տնից աշխատել։
Արցախում իր հիմնական աշխատանքից բացի նաեւ տիկնիկագործությամբ ու վարսահարդարմամբ է զբաղվել։ Վերջերս նոր շյուղեր ու թելեր է գնել։ Սկսել է նորից պատվերներ ընդունել։ Վարսահարդարման պարագաներն իր հետ բերել չի կարողացել։ Հույս ունի՝ այստեղ ձեռք կբերի։
«Դրական եմ տրամադրվել։ Սովորաբար այս ամիսներին արդեն սկսում էի գործել հաջորդ տարվա խորհրդանիշ կենդանու տեսքով խաղալիքներ, հագուստ։ Հիմա էլ սկսել եմ։ Հույս ունեմ՝ կկարողանամ այս փոքրիկ բիզնեսը զարգացնել, հետագայում էլ նաեւ այլ աշխատանք գտնել, ու կհաստատվենք՝ վերջնականապես հրաժարվելով տեղափոխվելու որոշումից»։
Արմինեի աշխատանքները կարող եք պատվիրել՝ զանգահարելով 077 116 113 հեռախոսահամարով։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: