Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Արցախի պետական ինստիտուտների գործարկումը Հայաստանում կարող է ազգային անվտանգության համար սպառնալիք դառնալ:
Արցախի նախկին պետնախարարը նշել է, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակման հարցը Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պետք է փակ ձեւաչափով քննարկեն, հնարավոր ռիսկերը գնահատեն ու գտնեն օպտիմալ լուծում: «Ես տպավորություն ունեմ, որ այդ ռիսկերն ընկալումների մակարդակում են, քան թե իրական»,- նշել է նա:
Բեգլարյանի համոզմամբ՝ նախագահի աշխատակազմի, կառավարության որոշ մարմինների, մասնավորապես՝ արտգործնախարարության գործունեության շարունակումն անչափ կարեւոր է։
Դառնալով արցախցիների սոցիալական խնդիրներին՝ Արտակ Բեգլարյանը հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ ՀՀ Կառավարությունը պետք է անհապաղ եւ լայն մասշտաբով լուծի զբաղվածության հարցերը։