Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Այն, մասնավորապես, վերաբերում է արցախցիների խնդիրների լուծմամբ զբաղվող Հատուկ կոմիտե ստեղծելու առաջարկի՝ Արցախի ԱԺ մյուս խմբակցությունների կողմից չընդունվելուն։
Հայտարարությամբ ասվում է, որ Արցախի ԱԺ մյուս բոլոր քաղաքական ուժերը մտադիր են փոփոխել ԱԺ նախագահին ֆորմալ առումով օրենքի ուժով փոխարինող «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցին «իրենց ցանկալի մեկով», եւ այդ նպատակով քարոզչություն են ծավալել լրատվամիջոցներում։
Ըստ այդմ՝ կուսակցությունը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ «եթե կառավարություն, ապա բացառապես Արցախում, իսկ Արցախից դուրս՝ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների կողմից ընտրված մարմին՝ Արցախի ժողովրդի վերադարձի կամ վերաբնակեցման հարցերով զբաղվելու գործառույթով»։