ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հնդկական անգլալեզու The Economic Times-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը հույս ունի՝ մինչեւ 2024-ի վերջ ավարտել Իրանի Չաբահար նավահանգստին եւ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին միանալու գործընթացը։
«Հայաստանը բանակցություններ է վարում իրանական Չաբահար նավահանգստին միանալու շուրջ, քանի որ ձգտում է մուտք ունենալու Հնդկաստան եւ ասիական այլ երկրներ»,- ասել է Սաֆարյանը:
Երեւանը Հնդկաստանին առաջարկել է իրանական «Պարսից ծոց-Սեւ ծով» նախագծի մաս դառնալ։ Փոխնախարարը մատնանշել է նաեւ հայկական կողմի մշակած «Խաղաղության խաչմերուկը», որի իրականացումը մեծ օգուտ կբերի տարածաշրջանի երկրներին՝ ներառյալ Հնդկաստանին:
Անդրադառնալով հայ-հնդկական տնտեսական կապերի մյուս ոլորտներին՝ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ուղիղ չվերթերը կարող են գործարկվել արդեն 2024 թվականին: