Այս պատմությունը, որ իմ շատ ընկերների հույս էր տվել, նորից ուզում եմ տեղադրել իմ էջում, որ ամեն անգամ հիշեմ ու հիշեցնեմ, թեեւ էլ երբեք չեմ մոռանա, որ հույսից դեպի անհուսություն ընդամենը մի բարակ եզրագիծ է։ Այս օրերին ընկերներիցս մեկն ինձ ասաց՝ ախր հույսդ չպիտի կորցնես ու միշտ լավը պիտի մտածես։ Ես շատ տանջվեցի այդ մտքից, քանի որ զգում էի, որ տրամադրությունս սարսափելի անկումային է ու անհույս եմ մինչեւ հատակ։ Եվ ամաչեցի դրանից։ Ու ինքս ինձ ու իմ անհույս ընկերներին փրկելու համար գրեցի ինձ հետ պատահած այս պատմությունը։
Մինչ մենք ուզում էինք էգոիստաբար իրար հույս տալ, եզրագիծը կտրվեց։ Այս օրից ի վեր ես փնտրում եմ իմ հույսը։
Միշտ պիտի մտքում պատկեր ունենաս
Ես Շուշիում եղել եմ հեռավոր 1997-ի մայիսի 9-ին։ Այդ օրը մեծ շուքով տոնվում էր Շուշիի ազատագրման 5-րդ տարեդարձը։ Դրախտային Շուշին իմ մտքերում ու հուշերում միշտ յասամանահոտ է։ Մայիսյան այդ չքնաղ հեռավոր օրը յասամանները բացվել էին Շուշիում՝ խառնվելով Հաղթանակի տոնի հուզված, հպարտությամբ լեցուն ու թանկ վերհուշով լի թրթիռներին։
Ես առաջին անգամ էի տեսնում Արցախը։ Ուսանող էի, նախավերջին կուրսում։ Շուշի էի գնացել որպես լրագրող՝ Հաղթանակի օրը լուսաբանելու։ Հատուկ մի ավտոբուսում էի, որով Արցախ էին մեկնում Արցախյան գոյամարտում զոհված մեր հերոսների մայրերը։
Արցախում, մասնավորապես Շուշիում անցկացրած մի քանի օրերի փորձառությանս մասին պատմելը միշտ հետաձգել եմ ՝ մտածելով, որ սովորական մեկիս զգացողությունը բարձրաձայնելու կարիք չկա։ Այսօր, երբ ամբողջ գիշեր սրտի դողով սպասել եմ, որ Հայաստանում լուսանա՝ ամբողջ ընթացքում բոլորի պես մտքով ու հոգով լինելով հատկապես Շուշիում, այս օրն՝ իր դրվագներով, ավելի է մեխվում հիշողությանս մեջ։
Երբ ավտոբուսի վարորդը վերջապես անհանգիստ, հուզված մայրերին հայտնեց, որ հասանք Արցախ (ծնողներն անընդհատ հարցնում էին), սեւազգեստ մայրերը արցունքն աչքերին, լուռ շարժվեցին դեպի վարորդը, խմբվեցին ավտոբուսի մեծ ապակու դիմաց, մեկը մյուսին գրկած, հուզված, տակնուվրա եղած։
Չգիտեմ, չեմ կարող նկարագրել, թե ինչու էր այդ պահն այդքան հուզիչ։ Մայրերը չէին համբերում, մինչեւ վարորդը մի հարմար տեղ կկանգնի, խմբվել էին նրա մոտ ու լայն ապակուց այնպես էին նայում, կարծես նրանց ընդառաջ պիտի գային իրենց որդիները։ Ես մի կողմ քաշված լուռ լաց էի լինում։ Ինձ գրկել, իրեն էր սեղմել Արցախյան հերոսամարտի հերոս Տիգրան Սարգսյանի մայրը՝ իմ սիրելի Մարո ծյոծյան։
Շուշիի Հաղթանակի օրը՝ Մայիսի 9-ին, Ջդրդուզի բացատում սպիտակ սփռոցներով մեծ ու լայն սեղաններ էին բացված, որի շուրջը հավաքվել էին մեր զինծառայողները, Արցախյան պատերազմի մասնակիցներ, պաշտոնյաներ, լրագրողներ, հերոսների ծնողներ։
Վազգեն Սարգսյանն էլ էր այնտեղ՝ մեր հերոսների մայրերին ու հայրերին անվերջ գրկած, թաց աչքերով, հուզված ու հպարտ։ Ծնողներն էլ՝ իրենց զավակի պես նրան փաթաթված, սեղմված։
Այդ օրվա բոլոր պահերը մեխված են մնացել հիշողությանս մեջ։ Այդ օրվան ես հաճախ եմ վերադարձել մտովի։ Հաղթանակի ինչպիսի վարակիչ բերկրանք կար, հպարտության ինչ չափաբաժին, ամեն ինչից հայրենիքի անուշ հոտ էր գալիս, որ հիշողություն դարձած այսօր էլ ինձ ուժ է տալիս ու ապրեցնում է։
Դժվար օրերին, ասում են, միշտ պիտի մտքում պատկեր ունենալ, այնպիսի մի պատկեր, որը քեզ ի զորու կլինի ուժ տալու, այնպիսի մի ուժ, որ հավատդ ամուր կպահի ու կամքդ՝ աներեր։ Այն, ինչ կնկարենք մեր մտքում, դրան էլ կյանք կտանք։ Հազար անգամ համոզվել ենք կյանքի այս խորամանկության մեջ։
Իմ մտքի պատկերը սպիտակ սփռոցներով լայն բացված սեղաններն են՝ յասամանահոտ Շուշիի Ջդրդուզի բացատում՝ մեր հերոսների հետ, բոլորս միասին՝ մեր տեղում, հաղթած ու երջանիկ։ Այդ օրը կգա։
08 նոյեմբերի, 2020
Մենք մեզ չենք ներելու
Կանցնեն տարիներ, ու մենք դեռ կշարունակենք հիշել, թե ինչպես էինք այս օրերին կառչում վերջին հույսի ծվեններից։ Թաքուն մեզ կխոստովանենք, որ չէինք հավատում, բայց ասում էինք, թե հավատում ենք, որովհետեւ մեր ոսկե, թանկագին սերուցքն էն դժոխքում կրակի բերանն ընկած մեր սխալներից մեզ փրկել էր փորձում։
Կհիշենք, թե ինչպես չկարողացանք շատ-շատ ավելի վաղ հասկանալ՝ ինչ մարտահրավերների առաջ ենք, ու չկարողացանք էդ դժոխքը դեմ չտալ մեր երեխեքին։ Կամաչենք, որ հասկացողներին էլ ինչ ասես ասացինք, նպաստեցինք, որ ճշմարտությունը խլացնող աղմուկը շատանա ու ծանրացնի առանց այն էլ մեր ծանր ականջները։
Կանցնեն տարիներ, ու ինչ էլ լինի, էլ կյանքը երբեք առաջվանը չի լինի, որովհետեւ տեղի ունեցավ էն, ինչ չպիտի՛ լիներ։ Մենք անվերջ ապրելու ենք մեղքի զգացումով, որ քանդուքարափ, ձորի եզրով անցնող գրեթե անանցանելի ճանապարհն անցնելու համար ղեկը վստահեցինք մեկին, ով անպատասխանատվության մրցաշարում իրեն գերազանցող չունի։
Մենք մեզ չենք ներելու, որ արհավիրքից հետո երկրորդ անգամ նրան նորից վստահեցինք նույն ղեկը։ Մենք մեզ չենք ներելու, որ ժամանակին չհասկացանք, ծաղրեցինք, հեգնեցինք, ապականեցինք արթուն, ողջամիտ, ազնիվ խոսքը ու արժանապատիվ խաղաղության հույսը դարձրինք երերուն մի լար, որի վրա հիմա մեզ դես ու դեն են ճոճում՝ չճոճվելու այլընտրանք չթողնելով։
Իսկ այն ողջամիտ խոսքը, որ մեզ պիտի հեռու պահեր էս արհավիրքից, դեռ երկար կսպասի գոնե պատմության դասագրքերում արխիվացվելու իր օրվան։
Մի քիչ էլ ժամանակ կանցնի, ու մենք նորից կանցնենք այս թեմաներով զեկույցներ, գիտաժողովներ կազմակերպելուն, վեպեր, պատմվածքներ կհրատարակենք, հուշատախտակներ կտեղադրենք, կինոներ կնկարենք, հազար ու մի բան կանենք։ Բայց կմնա դատարկության մի բութ զգացում, որ մեր այս բոլոր արածներից ոչ մեկն էլ իմաստ չունի, որովհետեւ էն, ինչ չպիտի’ տեղի ունենար, տեղի ունեցավ։ Մե’ր գիտությամբ, մե’ր աչքի առաջ, մե’ր ստի ու կարճամտության, մե՛ր նեղմտության պատճառով։
09 նոյեմբերի, 2022
Գրառումները՝ Մերի Մուսինյանի ֆեյսբուքյան էջից