Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնել են, որ ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն», «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ» և այլն)՝ գովազդներում հաճախ օգտագործվող ձեւակերպումները կարող են հանգեցնել հասարակության մոլորեցման:
Դրանք կարող են անտեղի համեմատության դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հանգեցնել, եթե չունեն փաստական հիմք, այսինքն՝ չեն համապատասխանում իրականությանը, կամ ունեն փաստական հիմք, սակայն կատարվել է ոչ կոռեկտ կամ անպատշաճ համեմատություն։
Կարեւորելով իրավախախտումների կանխարգելումը՝ հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է պահպանել մրցակցային օրենսդրության պահանջները եւ ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծից։
Անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսն է: