Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդել են, որ նախագահ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների հետ:
Նախագահը ողջունել է կազմակերպության՝ բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին աջակցելու նպատակը, միաժամանակ հետագա գործունեության ընթացքում աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների եւ ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետեւանքով մահացած, տուժած անձանց, ինչպես նաեւ անօթեւան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:
Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաեւ «Աջակցություն արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին: