Լիդա Միրզոյանը Արցախի Խնածախ գյուղից է։ Աշխատել է Ստեփանակերտում, բանկում։ Ընտանիքը տեղահանվել եւ Արցախից դուրս է եկել 2023 թվականի սեպտեմբերի 26-27-ին։ «Հերթերի մեջ այնքան երկար ենք մնացել, որ հիմա հստակ օրը չեմ հիշում»,- ասում է Լիդան։
Մեզ թվում էր՝ իրենք են շրջափակման մեջ
«Մանկական Եվրատեսիլի հաջորդ օրն էր կարծեմ, երբ ճանապարհը փակվեց։ Ընկերներով որոշել էինք մասնակցել Եվրատեսիլին, բայց վերջին օրերին էինք փորձում տոմս ձեռք բերել, ու պարզվեց, որ արդեն վաճառված են տոմսերը։
Շրջափակման առավոտը դեռ ոչինչ հայտնի չէր։ Ընկերուհիներով խոսում էինք, ու ասում եմ՝ էս ինչ վատ բան ստացվեց, ինչ լավ կլիներ՝ հիմա այնտեղ լինեինք։ Մի քանի ժամից լսում ենք լուրը, որ փակվել է ճանապարհը, էնտեղից եկող մեքենաները մնացել են ճանապարհի մյուս կողմում։
Դա նշանի նման մի բան էր։ Հասկանում ես՝ դու էլ կարող էիր էնտեղ լինել, հիմա ի՞նչ հոգեվիճակում կլինեիր, եւ զավեշտալին այն էր, որ էդ պահին մեզ թվում էր, որ էն մարդիկ, որ Երեւանից վերադառնում էին Ստեփանակերտ, իրենք են շրջափակման մեջ։
Այսինքն՝ մենք դեռ չէինք գիտակցում առաջին ժամերին, որ մենք ենք շրջափակված, չորս կողմը թշնամի է, այլ ավելի շատ մտածում էինք էն մարդկանց մասին, որոնք էնտեղ էին մնացել, ասում էինք՝ բա ո՞նց են վերադառնալու։
Ծնողները երեխաներին են ճանապարհի մի կողմում թողել, կամ մեքենաներում տատիկներ, պապիկներ կան։ Բայց ժամանակի ընթացքում արդեն այլ տեսանկյունից սկսեցինք իրավիճակին նայել ու հասկացանք, որ մենք ենք շրջափակված, եւ որ այս ամենը դեռ շատ երկար է տեւելու։
Անորոշ, բայց լավ բանի սպասումով
Ես գյուղում եմ ապրել, մեծացել եւ, եթե համեմատենք ստեփանակերտաբնակ մեր հայրենակիցների հետ, իմ վիճակը մի քիչ ավելի լավ էր։ Բայց էն ամենը, ինչ որ կազմում էր մեր նախաճաշի անբաժան մասը, այլեւս չկար։
Այսինքն՝ նույն սովորական շաքարավազով թեյը, որ երեխաների համար սովորական բան է, անհրաժեշտություն, էդ պահին հնարավոր չէր. որտեղի՞ց գտնել շաքարավազ, շաքարավազը ոսկուն հավասարազոր բան էր։
Ջեմեր, մուրաբաներ… էն, ինչ որ կար մարդկանց նկուղներում, գյուղի բնակիչները նույնիսկ ձիերով կամ թեկուզ ոտքով գյուղերից տեղափոխում էին Ստեփանակերտ, որ քաղաքի բնակիչներն էլ կարողանան գոնե էդ ձեւով իրենց օրվա սնունդը գտնել։
Նույնն էլ մնացածը՝ կարտոֆիլը, լոբին, էն, ինչ որ տալիս էր մեզ հողը, մենք փորձում էինք գյուղից տեղափոխել, քաղաքի բնակչությանը գոնե դրանով ապահովել։
Կար հացի լուրջ, շատ լուրջ խնդիր։ Հարեւաններով հավաքվում էինք, ով մի կիլոգրամ
ալյուր ուներ ինչ-որ տեղ թաքցրած, բոլորը միասին հաց էին թխում, բաժանում հարեւանների մեջ։
Ինձ թվում է՝ մեզ պահեց նաեւ միասնական լինելը, որ ամեն մեկը կիսվում էր իր վերջին ունեցածով, որպեսզի կարողանային գոյատեւել՝ սպասելով մի ինչ-որ անորոշ, անհասկանալի, բայց ինչ-որ լավ բանի։ Այսինքն՝ որ պետք է մի օր էդ ամեն ինչը վերջանա։
Թվում էր՝ մեր տունը կարող ենք մեզ հետ վերցնել
Նստած էինք մեր բակում, ասեցի՝ արի ցուցակ կազմենք, թե ինչ պետք է, եթե նման բան, օրինակ, լինի, մեր հետ վերցնենք։ Ու մենք սենյակներով գնում ենք, հերթով գրում ենք՝ էս սենյակում ինչն ա կարեւոր, ինչը կարելի ա վերցնել։ Շատ մեծ ցուցակ էր իրականում։
Միամտորեն կազմված ցուցակ էր, մեզ թվում էր, թե մեր տունը կարող ենք մեզ հետ վերցնել։ Որովհետեւ իրականում մենք էդ ուղղակի գրում էինք ներքին ապահովություն ունենալու համար, բայց չէինք հավատում, որ երբեւէ նման բան կլինի։