Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-11-ը:
Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությունից ուղեւորության համար թույլտվություն չի խնդրել: Կառավարությունում Զուրաբիշվիլիի այցը դեռ չեն մեկնաբանել։
Հատկանշական է, որ արդեն Փարիզում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով նույնպես մասնակցելու է խաղաղության համաժողովին:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի անհաջող ընթացակարգից հետո սա կլինի նախագահի առաջին այցը արտերկիր։ Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երեք երկիր։
Հոկտեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանում նախագահի իմպիչմենտի հարցով քվեարկության արդյունքում Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնանկ չեղավ, քանի որ զգալի թվով պատգամավորներ չքվեարկեցին հօգուտ նախագահի պաշտոնանկության։ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը չի կարող նույն հիմքով սկսել իմպիչմենտի ընթացակարգը։