Իրավապաշտպան գործունեություն ծավալող հասարակական կառույցները պնդում են, որ Ադրբեջանի նավթի եւ գազի արտահանման ծրագրերում խոշորագույն բաժնեմաս ունեցող British Petroleum-ը (BP) նպաստել է արցախահայության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Վկայակոչելով ամերիկյան Global Witness հանրային իրավապաշտպան կազմակերպության հետազոտությանը, ըստ «Ազատության», դրա մասին գրում է բրիտանական The Guardian-ը։
Global Witness-ը նշում է, որ բրիտանական նավթային ընկերության խոշոր նավթագազային նախագծերի օգնությամբ Բաքուն միլիարդավոր դոլարներ է ստացել, ինչի շնորհիվ, ըստ հետազոտողների, այդ երկիրը 2020-ից՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում պատերազմի բռնկումից ի վեր» չորս անգամ ավելացրել է ռազմական ծախսերը։
«Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ լինելով Ադրբեջանի ամենամեծ ներդրողը՝ British Petroleum-ը «անուղղակիորեն ֆինանսավորել է Ադրբեջանին՝ վիճելի տարածաշրջանում սեպտեմբերին էթնիկ հայերի դեմ իրականացնելու ռազմական ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ լքել է տարածքը»,- գրում է The Guardian-ը։
Նույն ամսում՝ անցած սեպտեմբերին, BP-ի բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց թվում՝ ընկերության նախագահն ու նախկին գործադիր տնօրենը, այցելել էին Բաքու՝ մասնակցելու նախկին նախագահ Հեյդար Ալիեւի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Շեշտելով, որ BP-ն երկար տարիներ համագործակցել է Ալիեւների ընտանիքի հետ՝ Global Witness-ի ներկայացուցիչ Դոմինիկ Իգլթոնն ասել է, որ «բրիտանական ընկերությունը երջանիկ էր շարունակել արդյունահանումը Ադրբեջանում՝ այդպես էլ որեւէ դաս չքաղելով Ռուսաստանի հետ նախադեպից»։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո BP-ն արեւմտյան տասնյակ այլ ընկերությունների հետ հեռացավ այդ երկրից՝ թողնելով «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի մոտ քսան տոկոսը։ «Դաժան բռնապետներին ֆինանսավորելը միշտ էլ վատ է ավարտվում»,- ընդգծել է իրավապաշտպանը։
BP-ն հերքում է մեղադրանքները։ Ընկերության խոսնակն ասել է, թե «BP-ն արդեն 3 տասնամյակ է՝ աշխատում է Ադրբեջանում եւ շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգ, վստահելի գործունեություն ծավալելու հանձնառությանը»։