ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի՝ Թել Ավիվ ժամանելուն պես իր հրեական ծագման մասին հայտարարությունն ամենամեծ սխալն էր Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Նման միտք է արտահայտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաշքենդում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալիս:
Էրդողանը նշել է, որ ամբողջ աշխարհը բողոքում է ԱՄՆ-ի դեմ, քանի որ ԱՄՆ-ը թիրախ դարձավ, երբ սկսեց աջակցել Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծություններին:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ այն, որ Ստամբուլում Պաղեստինին աջակցող ցույցին երեք օրվա մեջ 1,5 միլիոն մարդ հավաքվեց, շատ բանի մասին է վկայում, որից Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պիտի զգուշանան:
Հոկտեմբերի 12-ին Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ինքը Իսրայել է եկել ոչ միայն որպես ԱՄՆ պետքարտուղար, այլ նաեւ որպես էթնիկ հրեա: