Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել «Կորիզ-2023» մրցույթի «Տարվա կրթական մարզ» մրցանակի հանձնման արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, «Կորիզ» կրթական կենտրոնի հիմնադիր Սուրեն Ալոյանը։
Արդեն երրորդ տարին անցկացվող համադպրոցական մրցույթն այս տարի հատուկ՝ «Տարվա կրթական մարզ» անվանակարգ ուներ։ Հաղթող է ճանաչվում եւ գավաթին արժանանում այն մարզը, որի ներկայացրած աշակերտը լավագույնն է բոլոր տարիքային խմբերում․ տարվա ակադեմիական գիտելիքի վրա հիմնված ինտելեկտուալ մրցույթում հավաքում է առավելագույն միավորներ ամենակարճ ժամանակում։
Այս տարի մրցույթում լավագույն արդյունքները ցուցաբերել է Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Վալերիկ Պետրոսյանը՝ հաղթանակ բերելով թե՛ դպրոցին եւ թե՛ մարզին։
Ցուցաբերած արդյունքներով նա լավագույնն էր 1184 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների ավելի քան 18 250 աշակերտների մեջ: Երկրորդ տեղի մրցանակը նույնպես թիվ 12 հիմնական դպրոցինն էր: Այն շնորհվել է 6-րդ դասարանի աշակերտուհի Լիլյա Գիգոլյանին:
«Կորիզ-2023» համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունն անցկացվել է հոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Շուրջ 80 աշակերտ, ինչպես նաեւ նրանց ուսուցիչներն ու տնօրենները, ստացել են մրցանակներ, լավագույն աշակերտների ուսուցիչները՝ նաեւ դրամական մրցանակ 500 հազար դրամի չափով։